Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում հանգրվանած ուշագրավ դեմքերից է Գուրգեն Մելքոնյանը, որը երկար տարիներ աշխատել է նախկինների հետ, 2000-2008 թվականներին եղել է պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով, զբաղեցրել է զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնը։ Հետաքրքրական է նաև, որ Մելքոնյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՊՆ-ում, սակայն այժմ ընտրապայքարի մեջ է մտնում ներկայիս իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

ԼՈՒՐԵՐ․com-ը ներկայացնում է ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Գուրգեն Մելքոնյանի ունեցվածքը։ Եվ այսպես, ըստ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրի, Մելքոնյանն ունի 3 անշարժ գույք՝ բնակարան Շերամի փողոցում, առանձնատուն և հողատարածք Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում։ Հատկանշական է, որ Մելքոնյանը չունի որևէ շարժական գույք և 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք։

Նա եկամուտներ բաժնում նշել է, որ Սոցիալական ապահովության նախարարությունից ստանում է 2 806 800 դրամ թոշակ, իսկ հողի մշակումից՝ 15 000 000 դրամ։ Նա հանդիսանում է «Ակգա տրիո» ՍՊԸ-ի 100% փայատեր։ 

Այսպիսով, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Մելքոնյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 17 000 000 դրամ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախկինների օրոք զինվորները այնքան սոված էին, որ կոնֆետ էին նետում, ճանկռտելով իրար ձեռից խլում էին։ ԱԺ փոխխոսնակ, Քաղաքացիական պայմանագրի ցուցակի 7-րդ համար Ալեն Սիմոնյանն էլ իր թիմի ղեկավարի խոսքը փաստելու համար նշեց․ «2000-2002 թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի, որովհետև մենք ունեինք ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։

Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանի ծառայության տարիներին զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնը հենց Գուրգեն Մելքոնյանն էր։ Հրապարակախոս Վահան Իշխանյանն, անդրադառնալով այս հանգամանքին, ասել էր, թե ընտրական ցուցակի մի անդամը՝ Գուրգեն Մելքոնյանը, սոված է թողել ցուցակի մեկ ուրիշ անդամ Ալեն Սիմոնյանին։

Սոնա Հարությունյան