ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը հիմարություն է որակում Civic.am լրատվական կայքում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Սևանում կայացած հանդիպման ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն իրեն առաջարկել է միանալ իրենց թիմին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նախ ծիծաղելի որակեց հրապարակումը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տվյալ լրատվամիջոցը գործում է իշխանական դաշտում և առաջին անգամ չէ, որ կեղծ լուր է տարածում․ «Հիմարության ծավալն այնքան մեծ է, որ անիմաստ եմ համարում մեկնաբանելը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քաղաքական ընդդիմադիր դաշտի տարբեր գործիչների հետ ինքը միշտ է հանդիպել և շարունակելու է հանդիպել։
«Վանեցյանի հետ կիրակի օրվա հանդիպումը քաղաքական բնույթ չի ունեցել։ Այն զուտ անձնական շփում է եղել, որը մեկնաբանել չեմ ցանկանում։ Մնացած գրածները պարզապես հիմարություն են»,- եզրափակեց Սաղաթելյանը։