ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը իր ելույթում խոսել է Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ չի ափսոսում հանրապետությունից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար:
Բայդենը նշել է, որ հանրապետությունում ամերիկյան ուժերի շարունակական ներկայությունը սպառնում է «հակամարտության սրում» և կորուստներ ամերիկյան բանակի համար:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նպատակ ուներ Աֆղանստանում գտնել սեպտեմբերի 11 -ի հարձակումն իրականացնողներին և համոզվել, որ «Ալ -Քաիդան» չի կարող օգտագործել երկիրը ապագա հարձակումների համար: Բայդենը կարծում է, որ Վաշինգտոնը կատարել է իր նպատակները և պետք է այլ երկրների ահաբեկիչների դեմ պայքարի:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 10 տարի առաջ վերացրեց ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենին, և Աֆղանստանում ամերիկյան առաքելությունը երբեք չպետք է լիներ պետություն կառուցելու մասին:
Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, իր նախագահության ընթացքում նա անընդհատ շեշտել է ԱՄՆ-ի «այսօր՝ 2021 թվականին, և ոչ թե երեկվա սպառնալիքների վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին»:
Նա կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կցանկանային, որ ԱՄՆ֊ն շարունակեր Աֆղանստանի կայունացման փորձերը՝ «դրա վրա ծախսելով միլիոնավոր դոլարներ»:
Բայդենը պնդում է, որ Վաշինգտոնը «սթափ էր» ամերիկյան զորքերի դուրսբերման արդյունքում առաջացած վտանգի առջև, սակայն իրադարձությունները զարգացան սպասվածից արագ:
Նախագահի խոսքով՝ հանրապետության իշխանությունները հանձնվել են «Թալիբան» շարժման դեմ պայքարում՝ չնայած Վաշինգտոնի ուժեղ աջակցությանը: Բայդենը նշել է, որ նախագահ Աշրաֆ Ղանիի հետ քննարկել է վերջին ամիսների իրավիճակը Աֆղանստանում՝ ներառյալ քաղաքացիական պատերազմի և կոռուպցիայի դեմ ինքնուրույն պայքարելու անհրաժեշտությունը, սակայն «նրանք չեն կարողացել անել այս ամենը»:
«Իշխանություններն այժմ հիմնական խնդիրը համարում են ամերիկացիների և հանրապետության քաղաքացիների տարհանումը Աֆղանստանից»,֊ ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նախագահը մատնանշել է, որ Միացյալ Նահանգները, «անհրաժեշտության դեպքում, կործանարար ուժով կպաշտպանի իր ժողովրդին»: Բայդենը նաև խոստացել է շարունակել աջակցել տեղի բնակիչներին և պաշտպանել նրանց իրավունքները: