Ոստիկանությունից արդեն դուրս եմ եկել, հիմա պատրաստվում ենք հանդիպել մարզպետի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գեղամասար Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Ոստիկանությունը մեզ հորդորեց, որ ոչինչ չանենք, մենք էլ ասացինք, որ իրենց հետ խնդիր չունենք, մեր խնդիրը կառավարության հետ է: Շատ լավ վերաբերվեցին մեզ ոստիկանները, որոշ հարցեր քննարկեցինք, ինչից հետո մեզ բաց թողեցին»,- նշեց համայնքի ղեկավարը:

Նա ասաց, որ սխալ է անում իշխանությունը ժողովրդի վրա ուժ գործադրելով. «Հաշվի չեն առնում ոչ սոված ընտանիքներին, ոչ պատերազմից վիրավորվածներին, ոչ զոհվածների ընտանիքներին: Արհամարհանքը իրենց կողմից բարոյական չէ»,- ասաց Հակոբ Ավետյան:

Նա նաև հավելեց, որ մարզպետն արձագանքել է իրենց խնդրին և շուտով հանդիպելու են:

Նշենք, որ բողոքի ակցիայից հետո Գեղամասար համայնքի ղեկավարին հրավիրել էին ոստիկանություն:

Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Պատճառը համայնքների խոշորացման մասին որոշումն էր, ինչին բնակիչները դեմ են: