ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է Նունե Ներսիսյանի հայտարարությունն այն մասին, որ հանրահայտ հայ գործարար Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ է առաջարկել նվիրել ՀՀ կառավարությանը, սակայն վերջինս հրաժարվել է։ «Պարզապես հերյուրանք է, նման բան չի եղել, հերքում եմ»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում, սակայն, Պարացելսուս ՀԿ նախագահ, առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը շարունակեց պնդել իր հայտարարությունը հիմնավորելով, որ բոլոր փաստերը համադրելիս կարելի է համոզվել իր ասածում․ «Ինչ հերքում են դուրս է գալիս իրականություն։ Ես համոզված եմ, որ իմ ասածի 99,9%-ը իրականություն է։ Բազմաթիվ փաստեր մատնանշում են այդ մասին։ Մամուլում գրվել է, որ Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութի 3 միլիոն չափաբաժին է նվիրել Ուզբեկստանին, Ղազախստանին, Վրաստանին և այլն։ Կարծում եմ, որ այդ մարդը հայ լինելով առաջինը Հայաստանին նվիրատվություն կուզեր անել, ոչ թե մյուս երկրներին»,- ասաց նա։ 

Նա նշեց՝ իր տեղեկություններով «Moderna» պատվաստանյութը վաճառքի ենթակա չէ, այն պետք է լինի նվիրատվություն և փաստ է, որ այս պահին Հայաստանը չունի տվյալ պատվաստանյութը, ինչը խոոսում է այն մասին, որ կառավարությունը մերժել է գործարարի առաջարկը։ 

«Հերքումից բացի, գրել են, որ ես ստահոդ տեղեկություններ եմ տարածել՝ ասելով, թե ինչու կորոնայով մահացածներին դիահերձումներ չէին անում։ Օրեր առաջ ԱՀԿ-ն հայտարարեց, որ ինքը ոչ մի երկրի չի արգելել դիահերձում իրականացնել։ Այդ ինչպե՞ս սկսեցին դիահերձումներ անել։ Քանի հազար հոգի իր հարազատի վերջին հրաժեշտին չկարողացավ մասնակցել միայն այն պատճառով, որ դիահերձում չէր արվել։ Եթե այս բոլոր փաստերը դնենք իրար կողք՝ ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Նունե Ներսիսյանը։ 

Ավելի վաղ Նունե Ներսիսյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով Նուբար Աֆեյանը ցանկացել է ՀՀ-ին որպես նվիրատվություն անել 2 միլիոն դոզայի չափով «Moderna» պատվաստանյութ, սակայն կառավարությունը հրաժարվել է նվեր վերցնել ու առաջարկել գումարով գնել, իսկ գործարարը հրաժարվել է գումարով վաճառել։ 

Սոնա Հարությունյան