Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։

Կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշում է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և «նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ»։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման:

Ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։