ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բողոքը դեռևս չի մակագրվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Կալանավորման որոշման հրապարակումից հետո Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ և այս պահին գտնվում է։
Վերաքննիչ բողոքի շրջանակներում պաշտպանության կողմը վիճարկել է ինչպես հիմնավոր կասկածի առկայության հարցը՝ գտնելով, որ մեղադրանքի համար ընդհանրապես փաստարկները բացակայում են, այնպես էլ՝ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Նշենք, որ առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հաստատված էր համարել միայն գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։