Մի ամիս առաջ նամակներ ենք փոխանցել ՄԱԿ-ին, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներին, ընդունելություն խնդրել մեր հարցերով զբաղվելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:
«Այդ մի ամսվա ընթացքում մենք ոչ մի դրական բան չենք տեսել, այսօր էլ Արցախում իր այգում աշխատելուց խաղաղ բնակիչ է սպանվում: Հիմա հարցի լուծումը որն է: Մենք ՄԱԿ-ին դիմել ենք, որ մեզանով չի հետաքրքրվում մեր կառավարությունը, մենք առնվազն փախստականի կարգավիճակ պետք է ստանանք: Արցախի իշխանությունը մեզ ասում է ներքին տեղահանվածներ, այսինքն մենք մեր ճամպրուկները վերցրել, նստել ենք տաքսի և տեղափոխվել Հադրութից: Մեր իշխանությունները փորձում են մեզ այդպես ներկայացնել: Մենք արտաքին ագրեսիայի տակ մեր հայրենիքը լքել ենք, մահից պրծնելով հասել ենք էստեղ: Մեր Ժողովրդի մի մասը վերադարձել է Արցախ, որտեղ ապահովություն չունի, մյուս մասն էլ ապաստանել է էստեղ»,-նշեց Հայրյանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատները չեն զբաղվում իրենց հարցով այն պատճառով, որ մեր իշխանություններն են նրանց հանգստացնում՝ ասելով, որ զբաղվում են ժողովրդի հարցով: «Մենք հայտարարում ենք, որ մեր իշխանությունը մեզանով չի զբաղվում, թե չէ ինչո՞ւ մենք պետք է ՄԱԿ-ին նամակ գրենք»: