3 օր շարունակ Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է: Զվարթնոց օդանավակայանում ահավոր իրավիճակ է: Ուղևորներից կորոնավիրուսի թեստեր են ուզում, բայց ինչ թեստի մասին է խոսքը, որ քանի օր շարունակ էսքան մարդու բերում, հավաքում են մեկ տեղ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին է ահազանգել ուղևորներից մեկի հարազատը:
Նա ասաց, որ առաջին անգամը չէ, ինչ օգտվել են «Red Wings» ավիաընկերությունից, սակայն խնդիրներ միշտ են եղել, պարզապես, այս անգամվանը ավելի գլոբալ էր: Բանն այն է, որ, ըստ ահազանգած քաղաքացու ավիաընկերության ոչ ճիշտ աշխատանքի պատճառով մեծ թվով ուղևորների 3 օր շարունակ նշանակել են թռիչք, կանչել օդանավակայան և չեղարկել այն.
«Ամսի 11-ին կինս և աղջիկս պետք է մեկնեին Մոսկվա, ռեգիստրացիա անցան, հետո ինքնաթիռի մեջ հաղորդեցին, որ չվերթը չի կայանա: Ուղևորներին ասացին, որ երեկոյան ժամը 19:00-ին է չվերթը իրականանալու, մենք էլ հեռու ենք ապրում բավականին՝ մարզերից մեկում, ու նորից եկանք Զվարթնոց, որ պիտի չվերթը գոնե էս անգամ կայանար, բայց ասացին, որ այն էլի չի լինի: Մեզ ոչ մի զանգ կամ նամակ չի եկել, որ զգուշացնի՝ չվերթը հետաձգվել է, որ մարդիկ նորից ծախս չանեն, գան հասնեն Զվարթնոց»,- պատմում է քաղաքացին:
Մեր այն հարցին, թե ինչ են պատճառաբանում, երբ քանի անգամ չվերթ են չեղարկում, զրուցակիցն ասաց. «Իրենք ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Երեք հոգի էին, երեքն էլ տարբեր բան էին ասում. մեկը ասում էր ճամպրուկների հետ է խնդիրը, մյուսը, թե ինքնաթիռը անսարք է: Ասում եմ՝ ամեն անգամ էրեխու հետ ենք գալիս ու շատ հեռվից, ասե՛ք հստակ՝ երբ է չվերթը, որ մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում: Շատ անլուրջ անձնակազմ է»,- ընդգծեց ահազանգած քաղաքացին:
Վերջինիս խոսքով՝ ուղևորներին երկար տանջելուց հետո չվերթը վերջապաս կայացավ հոկտեմբերի 13-ին. այս անգամ էլ ուղևորներին ինքնաթիռում 2.5 ժամ սպասեցնելուց հետո են չվերթը իրականացրել. «Ասացին, որ չվերթը կլինի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 02:30, այնինչ ինքնաթիռը թռել է 2.5 ժամ հետո, անպատասխանատու են վերաբերվում իրենց գործին»,- եզրափակեց քաղաքացին: