Ռուս խաղաղապահները կայունացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ նախորդ օրը բախում է տեղի ունեցել Մարտունու շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում' Լեռնային արաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ռուսական խաղաղապահ զորախումբը կայունացրել է իրավիճակը, և միջոցներ են ձեռնարկվել դրա հետագա սրումը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկագրում, միջադեպը քննվում է:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ շարունակական փոխազդեցություն է պահպանվում», - ընդգծել է խաղաղապահ կոնտինգենտը:

Նշենք, որ հաղորդագրությունում չի նշվում վեց հայ զինծառայողի վիրավորվելու փաստը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախում վիրավորվել է Արցախի Հանրապետության վեց զինծառայող՝ Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծության հետևանքով: