Հայտնի է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձն է առել կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե արդյոք Փաշինյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ որևէ քննարկում ունեցե՞լ է այս հարցի շուրջ կամ նախնական պայմանավորվածություն ձեռքբերվե՞լ է Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ, թե՞ ոչ։ Սակայն, ի պատասխան մեր հարցման, կառավարությունը շատ «կառուցողական» պատասխան է տվել՝ այն է․ «Հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունենք»,- պատասխանել են կառավարությունից, ըստ էության, ո՛չ հաստատել, ո՛չ բացառել հնարավոր հանդիպումը։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկի մասին փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով․ «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ [Նախիջևանի միջանցքի] հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն։ Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել էր Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով։