ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ ամբիոնից անչափ ուշագրավ հայտարարություն է արել. ըստ նրա' բյուջեն թալանում է ոչ թե մեկ անձից գնումները, այլ նախկինում կազմակերպված արհեստական տենդերները և ատկատների մեխանիզմները, որոնք գործել են:

Եթե ՀՀ-ում լիներ անկախ իրավապահ համակարգ, այս ելույթից հետո Թունյանը կհրավիրվեր հարցաքննության' որպես անչափ կարևոր տեղեկատվության կրող: Գուցե նրա տված տեղեկությունները ստուգվեին, դրանց իսկությունը հաստատվեր և նույնիսկ մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցվեին: Սակայն, նման սցենարի դժվար թե ականատես լինենք:

Հետաքրքիր է նաև՝ իսկ ինքը' Թունյանն, իր այդ տեղեկություններով իրավապահների հետ կիսվե՞լ է, թե՞ նախընտրում է այդ մասին հայտարարել միայն ԱԺ ամբիոնից և այն էլ առանց անուններ և կոնկրետ փաստեր նշելու: Թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների օրոք տեղի ունեցած բոլոր ապօրինությունները պետք է բացահայտվեն, մեղավորներն էլ պետք է պատժվեն, սակայն, կարծես թե, մի շարք գործող պաշտոնյաներ նախկիններին նախընտրում են մեղադրել ոչ թե հասցեական, այլ զուտ պոպուլիզմից ելնելով...