Մոլորակի ամենահարուստ գործարարի՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը, Forbes Real-Time վարկանիշի համաձայն, հասել է 300 միլիարդ դոլարի։

Մասկի կարողությունը ԱՄՆ-ում սակարկումների մեկնարկից 15 րոպե անց 17:45-ին հասել է 300 միլիարդ դոլարի։ Մինչ այդ պահը Մասկի կապիտալն աճել է 7.4 միլիարդ դոլարով (+ 2,52 տկոոս)՝ ուրբաթ օրվա սակարկումների համեմատությամբ, գրել է Forbes-ը։

Միլիարդատիրոջ կարողությունն աճել է Tesla-ի գնանշումների աճից հետո: Երկուշաբթի սակարկումների բացումից հետո ավտոկոնցեռնի բաժնետոմսերը թանկացել են 3.2 տոկոսով եւ վաճառվել առավելագույնը 1150 դոլարով։ Ավելի ուշ գինը շտկվել է. ժամը 18:46-ին Tesla-ի բաժնետոմսերն արժեին 1143 դոլար՝ 2.66 տոկոսով ավելի նախորդ փակման գնից, իսկ ընկերության տնօրենի կարողությունը գնահատվում էր 296.5 մլրդ դոլար:

Ամենահարուստ գործարարների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը նվազել է 1.7 միլիարդ դոլարով եւ այժմ գնահատվում է 194.2 միլիարդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է LVMH-ի տնօրեն Բեռնար Առնոն, որի կապիտալը կազմում է 189.9 միլիարդ դոլար:

Անցյալ շաբաթ Իլոն Մասկը դարձավ ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունն առաջին անգամ գերազանցեց 270 միլիարդ դոլարը՝ Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ թռիչքից հետո: Գործարարին է պատկանում նաեւ նրա հիմնադրած SpaceX ընկերության բաժնետոմսերի փոքր մասը:

Հոկտեմբերի 25-ին Tesla-ի շուկայական արժեքը առաջին անգամ գերազանցեց 1 տրիլիոն դոլարը։ Դա տեղի է ունեցել 100.000 Tesla էլեկտրական մեքենաներ պատվիրելու մասին Hertz մեքենաների վարձակալության ծառայության հայտարարության ֆոնին: Նրանք կկազմեն Hertz պարկի ավելի քան 20 տոկոսը։ Bloomberg-ի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ գործարքը Մասկի ընկերությանը կբերի 4.2 մլրդ դոլար, Hertz-ի պատվերը կազմում է այն ծավալի մոտ 1/10-ը, որը Tesla-ն այժմ արտադրում է մեկ տարվա ընթացքում, նշել է գործակալությունը։ Reuters-ն այն անվանել է Tesla-ի ամենախոշոր պատվերը: