Հայաստանում նախատեսվում է թվայնացնել խաղողագործությունը՝ վերահսկելու ողջ գործընթացը:

Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների՝ խաղողի մթերման գործընթացում առաջացող խնդիրների վերաբերյալ հարցին:

«Իրականում այս տարի մենք կխուսափեինք որևէ խնդիր ունենալուց, եթե մեզ համար անսպասելիորեն խոշորագույն մթերողներից մեկը, որը տարվա սկզբին կանխավճարներ էր արել խաղողի մթերման համար, վերջին պահին չհրաժարվեր դրանից: Տասնյակ հազարավոր տոննաներով խաղողի մասին է խոսքը: Դա ստիպեց մեզ, որ մենք լրացուցիչ գործողություններ անենք: Մինչ այդ մեր արած նախապատրաստական աշխատանքը պետք է, որ բավարար լիներ: Պետական երաշխիքները և դրան զուգորդող բազմաթիվ այլ մեխանիզմներ միտված էին նրան, որ այս տարի այդ խնդիրը չառաջանար»,- ասաց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական համակարգը պետք է խորը ռեֆորմի ենթարկել: Դրա ամենակարևոր բաղադրիչը նա համարեց գյուղատնտեսական արտադրողականության բարձրացումը: «Մենք պետք է այնպես անենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան հարստանալ, ոչ թե տարեցտարի մնան աղքատության եզրին»,- ասաց Քերոբյանը:

Նա այդ առումով շատ գործ անելու կարիք է տեսնում՝ վստահեցնելով, որ դրա մի մասն արդեն ընթացքում է: «Դա, ըստ էության, խաղողագործության թվայնացման պրոցեսն է: Այսինքն՝ մենք բոլոր խաղողի տնկարկները լուսանկարահանել ենք, դրանք պետք է կապվեն ֆերմերների հետ, և մեր ամբողջ խաղողագործական ինդուստրիան պետք է թվայնացվի այնպես, որ կարողանանք թափանցիկ վերահսկել ամբողջ գործընթացը՝ սուբսիդավորման, մթերման»,- ասաց նախարարը:

Նա կարևորեց նաև կոնյակագործության և գինեգործության զարգացման ճիշտ ռազմավարություն ունենալը: «Մենք արդեն խաղողի և գինու հիմնադրամի միջոցով ավարտում ենք գինեգործության զարգացման 5-ամյա ռազմավարությունը, նպատակն է կտրուկ բարձրացնել գինու արտադրությունը Հայաստանում: 2020-ի 12 մլն լիտրի դիմաց պլանավորում ենք, որ 2025-26-ին պետք է ունենանք 50 մլն լիտր գինու արտադրություն: Դրան անմիջապես պետք է հաջորդի կոնյակագործության ռազմավարության ստեղծումը»,- ասաց Քերոբյանը: