Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքում տեղի է ունենում հայ-ադրբեջանական փոխհրաձգություն։ ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ պարզելու, թե ինչ իրավիճակ է այս պահին մարզում, արդյոք գյուղերի ուղղությամբ ևս կրակոցներ եղել են, կան տուժածներ, թե՞ ոչ, սակայն զարմացրեց մարզպետի պատասխանը։
«Տեղյակ չեմ ոչնչից, տեղս հարմար չէ, չեմ կարող խոսել»,- նշեց Մելիքսեթ Պողոսյանը։
Փաստորեն, Սյունիքի մարզպետը չի տիրապետում իրավիճակին և տեղեկություն չունի սահմանային իրադրության մասին այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը ակտիվ գործողություններ է սկսել մի մարզի ուղղութամբ, որի մարզպետն է ինքը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Սոնա Հարությունյան