Ռազմական իրադրությունում չի՛ կարելի հայկական մեդիատիրույթում հրապարակել գերիներին նվաստացնող, հայկական դիրքերն ադրբեջանցիների կողմից գրավվող, մեր ռազմատեխնիկայի ոչնչացմամբ տեսանյութեր: Դա բարոյալքում է և՛ բանակը, և՛ ժողովրդին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ռազմիկ Տերտերյանը:

«Հայրենասեր մայրը, երբ տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինվորին կտտանքների ենթարկում և բռնություն գործադրում այդքանից հետո էլ ինչպե՞ս կթողնի, որ իր երեխան գնա բանակ՝ ծառայելու: Զինվորն էլ, որ տեսնում է այդ ամենը, մտածում է, թե մինչև առավոտ որտեղ փախչի, որ իրեն էլ նույնը չսպառնա»,- ասաց Ռազմիկ Տերտերյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները այդպիսի լուսանկարներն ու տեսանյութերը իրենց քարոզչության համար են տարածում, հայերն էլ վերցնում դնում են, թե ինչպես են նվաստացնում հայ զինվորներին:

Նա այն կարծիքին է, որ նման տեսանյութերի տեղադրումը լրատվամիջոցներում խոսում է հայրենադավության մասին: Վերջինս ասաց, որ այդպիսի տեսանյութերը պատերազմից 20 տարի հետո նոր կարելի է հրապարակել ցույց տալու համար անցած պատմությունը:

Ռազմիկ Տերտերյանը նշեց, որ տեղեկությունը տարածելու ձև կա՝ խուճապ առաջացնել հարկավոր չէ. «Պետք չէ ճշմարտությունը ներկայացնել մանրամասներով, որ խուճապ չառաջանա, ժողովրդի և բանակի ոգին չկոտրվի, այլ հակառակը՝ թշնամին հենց ինքը հայտնվի խուճապի մեջ: Պատերազմի ընթացքում պետք չէ ստույգ թվեր ներկայացնել, օրինակ կարելի է ասել, որ ադրբեջանցիները հայ զինվորների են գերեվարել, ոչ թե գրել՝ ադրբեջանցին 6 զինվորով գերեվարել է 7 հայ զինծառայողի, տպավորություն է, թե մենք ձեռք ենք առնում հայ զինվորին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջինս նշեց, որ երկիրն ունի պետական անվտանգային խնդիր, այս իրավիճակում ամեն մի հայ պետք է մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել բանակին. «Հայն այսօր պետք է մտածի ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին, այլ թե սահմանը ինչպես պաշտպանի և օգնի բանակին. մեկը զինվորագրվի, մյուսը՝ գուլպա տա, երրորդը՝ հաց և այսպես շարունակ»,- ասաց Ռազմիկ Տերտերյանը՝ հավելելով, որ չնայած վիճակը շատ ծանր է և բարդ, այնուամենայնիվ ժողովուրդը չպետք է ներսից էլ ավելի կոտրվի, ընդհակառակը՝ պետք է գոտեպնդվի:

Զվարթ Պետրոսյան