Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։ Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։
Կոտայքի այս երեք հուշարձանների տարածքում այսօր շրջայց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։ «Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։