Հայաստանի Կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, ինչի համար կծախսի մոտ 200 մլն դոլար: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ըստ փորձագետների նախնական գնահատականների՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար: Հայաստանի տարածքով անցնող հատվածի երկարությունն ընդհանուր առմամբ կկազմի մոտ 45 կմ, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ մոտ 340 կմ»,- նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկաթուղին աշխատելու է միջազգայնորեն ճանաչված սահմանային-մաքսային կանոններին համապատասխան, փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո:

«Այս պահին ես չեմ կարող նշել շինարարական աշխատանքների մեկնարկի ամսաթիվը, բայց կա երկուստեք պատրաստակամություն՝ այդ մասով պայմանավորվածություններն արագ ձեռք բերելու և անմիջապես աշխատանքի անցնելու համար։ Կայարանների տեղակայման հարցը կհստակեցվի վերջնական նախագծում»,- նշել է փոխվարչապետը: