Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության շենքի դիմաց Հադրութից բռնի տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որ իրենց ապահովեն տանիքով:
«Մենք Արցախի հանրապետությունից փաստացի միջազգային փախստականներ ենք, որոնց կարգավիճակ չեն տալիս: Հավաքվել ենք այստեղ, որպեսզի առաջին հերթին մեր հայրենիքը վերադարձնեն, և մեզ թող չասեն՝ չենք կարող, ոնց որ ժողովրդի թիկունքում «ղալաթ անելով» տվել են, թո՛ղ նույնպես էլ վերադարձնեն: ՀՀ-ն, քանի որ զլանում է մեր սոցիալական հարցերը լուծել՝ հղում անելով երկրի տնտեսական վիճակը, մենք էլ պահանջում ենք, որ ՄԱԿ-ի գրասենյակները մեզ սոցիալական աջակցություն տան: Մեր ծախսերի համար տալիս են ընդամենը 25.000 դրամ, որով պետք է հա՛մ տուն վարձենք, հա՛մ սնվենք, հա՛մ էլ ընտանիք պահենք. դա ոչ ծիծաղելու է, ոչ լացելու․ խելագառություն է: Մարդիկ ասում են՝ բա ինչպե՞ս եք ապրում, հենց այդպես էլ ապրում ենք՝ գնացե՛ք, մտածե՛ք»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
Նա նշեց, որ բնակարան տալու դեպքում պետությունը պետք է այնպես անի, որ շուշեցին, հադրութցին, քաշաթաղցին միևնույն թաղամասում բնակվեն, որ իրենց համայնքը չկորչի: