Չնայած այն հանգամանքին, որ վերջին ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ն, մեղմ ասած, անբավարար արդյունքներ էր գրանցել, պարտված և, ըստ էության, հանրության կողմից մերժված ՔՊ-ական թեկնածուները մեկը մյուսի հետևից նորանոր պաշտոններ են ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից, շատ դեպքերում ավելի բարձր պաշտոններ, քան ի սկզբանե նրանք հավակնում էին:

Դիցուք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ալբերտ Այվազյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: Ալբերտ Այվազյանին որոշեցին չնեղացնել և փոխմարզպետ կարգել, նա երկար տարիներ Շիրակի մարզի Առափի համայնքի համայնքապետն էր, սակայն ուշագրավը նրա՝ խոշորացվող Ախուրյան համայնքի ընտրություններում մասնակցելն էր: Ալբերտ Այվազյանը ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, ու չնայած ՔՊ-ն ընտրության արդյունքներով առաջատար էր' նա չընտրվեց համայնքապետ: Մամուլը գրել էր, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ է վարչապետը Այվազյանին նշանակել փոխմարզպետ, քանի որ Ամասիայում և Ախուրյանում ՔՊ պարտությունից հետո իշխանական թևում դժգոհություն է հասունացել մարզի ՔՊ կառույցի նկատմամբ: Եւ ամենևին պատահական չէր Այվազյանին սիրաշահելու, փոխմարզպետի պաշտոնը շնորհելու քայլը:

Վեդիում ՏԻՄ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնատար' մինչև նոր ընտրությունների անցկացումը: Այսինքն' Նիկոլ Փաշինյանի համար էական չէ, որ Վեդին մերժել է Սարգսյանին, վերջինիս ամեն գնով համայնքապետ են կարգում ՝ իհարկե հասկանալի նպատակով. ընտրություններին հավուր պատշաճի պատրաստվել է պետք, որպեսզի չկրկնվի շաբաթներ առաջ գրանցված արդյունքը:

Իշխանությունները Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնակար են նշանակել Նաիրի խոշորացված համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկված Արտակ Թովմասյանին: Ինչպես համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Մկրտչյանը, այնպես էլ Քասախի բնակիչները շեշտում են՝ որոշումն ապօրինի է։

Հովհաննես Հարությունյանը, ով, լինելով Շիրակի մարզպետ և Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածու, նույնպես պարտվել էր և դրանից հետո հրաժարական ներկայացրել, սակայն Հարությունյանին առանց պաշտոն չթողեցին, նա նշանակվեց տարածքային կառավարման փոխնախարար:

Այս նշանակումներից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն, աչք փակելով ժողովրդի ընտրության և արտահայտած կամքի վրա, առաջին հերթին փորձում է լուծել իր քաղաքական խնդիրները՝ մի կողմից վարչական լծակների կիրառմամբ ապահովել ՔՊ-ի հաղթանակը սպասվող ընտրություններում, ավելի ճիշտ՝ դրանց երկրորդ արարում, մյուս կողմից' հաշվի առնելով, որ տարածքային կառույցներում ՔՊ-ականների շրջանում լուրջ դժգոհություն է հասունանում՝պաշտոններ բաշխելով Փաշինյանը փորձում է պահպանել յուրայինների լոյալությունը...