Թալինում ավագանու երկրորդ նիստն այսօր՝ հունվարի 11-ին, չի կայացել, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները չեն ներկայացել։ Նիստին չներկայանալու պատճառը պարզելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Թալինի ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Թամարա Գևորգյանի հետ: Նա նշեց, որ հարմար չի գտել, այդ պատճառով էլ չի մասնկացել նիստին.
«Համայնքի ղեկավարը, որն իր քվեն հայթայթել է, ընտրվել է մարդկանց ստիպելով, նրանց վրա ճնշում գործադրելով, այդքանից հետո չեմ կարծում, թե ինչ-որ մեկը իր ցանկացած աշխատանքին կողմ կքվեարկի՝ ներառյալ խմբակցության մնացած անդամները: Բոլորը պետք է տեսնեին, թե այդ տղան ինչ վատ հոգավիճակում էր իր քվեն տվել Տավրոս Սափեյանին, ձեռքերը դողում էին քվերակելուց, եթե իր քվեն տալուց հետո այդ տղան մանդատը վայր է դնում, ապա էլ ինչ համատեղ աշխատանքի մասին է խոսքը, ամեն ինչ պարզ է դառնում»,- ասաց Թամարա Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ ինչ քվե էլ որ ստացել է Տավրոս Սափեյանը՝ եղել է վերջինիս կողմից պարտադրված. «Իրենք տուն առ տուն մտել են և պահանջել, որ իրենց քվեարկեն, անգամ իմ հարազատի տունն են մտել և ասել, որ ձայն տան իրենց: Մեզ, մարդիկ իրենց խղճով են ընտրել, իսկ նրանց՝ մեծամասնությունը ընտրել է պարտադրված»,- նշեց ավագանու անդամը:
Նա ասաց, որ նրանց թիմը շատ ինքնավստահ է գործում. «Իրենց իրավունքները չիմանալով՝ արդեն նոր աշխատողներ են աշխատանքի ընդունել: Ինձ զանգահարում է մեկը և հրավիրում կորպորատիվի, ասում եմ՝ բայց դուք ո՞վ եք, պատասխանում է՝ նոր աշխատող եմ»,- ասաց Թամարա Գևորգյանը՝ նշելով, որ Տավրոս Սափեյանն ինքն իր ղեկավարն է միայն:
«Դեռ ղեկավար չընտրված՝ էնպես ոգևորված է... իր կյանքի նպատակը եղել է համայնքի ղեկավար դառնալը»,- ընդգծեց նա:
Հարցին, թե մինչև ե՞րբ են պատրաստվում բացակայել նիստերից, նա պատասխանեց, որ հստակ ժամկետներ չունեն. «Առայժմ չենք մասնակցի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը: Նրա դեմ պայքարում էր ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու առաջադրված «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանը: Տավրոս Սափեյանը ստացել էր 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Նշենք, որ Սափեյանն աչքի էր ընկել հատկապես նախընտրական ուղերձով, որտեղ հանդես էր գալիս առանձնահատուկ առոգանությամբ ու ոգևորությամբ, որը շատերին հիշեցնում էր առաջին դասարանցու հանդեսի ելույթ։