Ամեն ինչ նորմալ է, ադրբեջանցի զինվորները հովվին չեն խփել, չեն տփել. մնում է միայն անասունները վերադարձնել և վերջ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը՝ շեշտելով, որ ոչխարները շարունակում են մնալ ադրբեջանցի զինվորների մոտ։
Հարցին, թե ինչ վիճակում էին գտնվում տանեցիները, մեր զրուցակիցն ասաց, որ շատ նորմալ. «Կինը, անգամ, չի էլ իմացել, որ ադրբեջանցի զինվորները տարել են ամուսնուն: Նա դաշտում աշխատելիս է եղել և երբ վերադարձել է տուն, ամուսինը արդեն տանն է եղել»,- ասաց Արգամ Հովսեփյանը՝ հավելելով, որ այդքան էլ երկար չի մնացել ադրբեջանցիների մոտ՝ ընդամենը 8 ժամ:
Նա պատմեց, որ հովիվը հենց ինքն է հատել սահմանը՝ բերելու ադրբեջանցիների կողմը անցած ոչխարները. «Կես անասունները անցել էին սահմանը, ինքն էլ գնացել էր իրենց հետևից, ադրբեջանցիներն էլ իջել են, բռնել հովվին ու անասունների հետ տարել»,- ասաց ավագանու անդամը:
Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքը խուճապ առաջացրել է բնակիչների մոտ, նա ասաց՝ ոչ. «Բնակիչների համար արդեն սովորական է դարձել, ոչ էլ վախեցել էին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանցիներն առևանգել էին հովվին, քշել–տարել էին նաև նրա հոտը։ Նրան ոչխարներն արածեցնելու ժամանակ էին գերեվարվել ադրբեջանցի զինվորները։ Ռուս խաղաղապահների կողմից տարված բանակցություններից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին երեկ երեկոյան ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։
Զվարթ Պետրոսյան