Ռուբեն Մաթևոսյանը 80 տարեկան է: Առողջություն սիրելի վարպետին և անսպառ ներշնչումներ...Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հրապարակել լուսանկարներ վարպետի հետ։
Երգիչը ծնվել է 1942թ. հունվարի 12-ին, ՀՀ Սպիտակ քաղաքում: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ապա' Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1986թ-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 1990թ-ից' Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1996թ-ից' պրոֆեսոր):
1961թ. արժանացել է Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին: 1961-92թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996թ-ից' գեղարվեստական ղեկավարը, 1992-96թթ' «Աստղեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը և մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Երգչի երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ: Երգացանկում եղել են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ:
Հայտնի են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա.Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլ երգեր: Նկարահանվել է «Եռանկյունի» (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971թ.), «Մեր բակը» (1996թ.) ֆիլմերում:
1999թ-ից Հայ երգարվեստի միության նախագահն է: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.' ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով: