Ռուս զինվորականներն անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։

«Ռուսական բանակը հսկիչ անցակետեր է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա»,- գրել է նա։

Քաղաքապետը նշել է, որ Խերսոնը եղել և մնում է ուկրաինական և ամենավատ բանը, որ հիմա կարելի է անել, քաղաքը ներսից քանդելն է։

Ավելի վաղ Կոլիխաևը ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վեցերորդ օրը Խերսոնում շարունակվում են փողոցային մարտերը։ Նրա խոսքով' ռուսական տանկերն ու զրահափոխադրիչները մտել են քաղաք՝ ամրանալով շրջկենտրոնի մի քանի կետերում։

«Կարծում եմ՝ սա կանոնավոր ռուսական բանակ է։ Հակահարվածն իրականացվում է միայն ահաբեկչության դեմ պաշտպանության ուժերի կողմից»,- ասել է նա։