Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը ծրագրում է սկսել ռազմական նպատակների համար սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այս մասին ասել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի (SAMI) գործադիր տնօրեն Վալիդ Աբու Խալեդը Էր Ռիյադի պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Անօդաչու թռչող սարքը 100 տոկոսով կլինի հայրենական արտադրության եւ կհամալրի մեր ԶՈւ-ն։ Մենք փոխգործակցում ենք օտարերկրյա տարբեր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են ԱԹՍ-ների արտադրմամբ, եւ որոնք մեզ օգնում են սեփական սարքերի ստեղծման գործում։ Միեւնույն ժամանակ, մենք աշխատում ենք աշխարհում զինամթերքների արտադրության ամենամեծ գործարաններից մեկը կառուցելու ուղղությամբ»,- SAMI-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Al-Ikhbariyah հեռուստաալիքը։

Բացի այդ, ինչպես հավաստիացրել է Աբու Խալիդը, թագավորության իշխանությունները ծրագրում են մինչեւ 2030թ. ռազմական ծախսերի ավելի քան 50 տոկոսն ուղղել սաուդյան համապատասխան ընկերություններին։

Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում գործելու է մարտի 6-9-ը։ Ցուցահանդեսին մասնակցում են 45 երկրների, ներառյալ Ռուսաստանը, տարբեր ընկերություններ։