Ստեփանակերտի բնակիչը, որ աշխատում էր Արցախի մայրաքաղաքի բանկերից մեկում, 1000-ական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումարը գաղտնի հափշտակել էր ու նույն օրը 630.000 ՀՀ դրամը խաղադրույք կատարել։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
«ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 1988թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խոշոր չափերով գաղտնի հափշտակելու դիտավորությամբ՝ 2022թ մարտի 4-ին իր աշխատավայր հանդիսացող, մայրաքաղաքում գործող բանկերից մեկի մասնաճյուղից հազարական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու և նույն օրն իսկ դրանից 630.000 ՀՀ դրամը խաղադրույք կատարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։