Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։ Այդ մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ։
Հարցին, թե համաձայն է ռազմական հետախուզության այն գնահատականների հետ, որ մարտերը կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ, նա լրագրողներին ասել է. «Ցավալին այն է, որ դա իրականում հնարավոր է»:
Ջոնսոնը նաև խոստովանել է, որ Ռուսաստանը կկարողանա Մարիուպոլով ցամաքային միջանցք ճեղքել դեպի Ղրիմ։
«Պուտինն ունի հսկայական բանակ: Նա գտնվում է շատ դժվար քաղաքական դիրքում, քանի որ նա աղետալի սխալ թույլ տվեց: Միակ տարբերակը, որն այժմ ունի, այն է, որ շարունակի օգտագործել իր սարսափելի, դաժան մոտեցումը՝ օգտագործելով հրետանի՝ ուկրաինացիներին ջարդելու համար։ Եվ նա շատ մոտ է Մարիուպոլի ցամաքային կամուրջը գրավելուն»,- ասել է վարչապետը։