Գերմանիան օգոստոսից ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածուխի գնումը, իսկ դեկտեմբերի 31-ից կհրաժարվի նաև նավթից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսին։
«Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է «Դրուժբա» խողովակաշարի պատմությանը, որը խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, գիտի նաև, որ այդ կախվածությունից ազատվելը մանրուք չէ, բայց սրան մենք կհասնենք մի քանի ամսից», - ասել է Կուկիսը Սիդնեյում կայացած համաժողովում: Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանին բաժին է ընկել գերմանական ածուխի և նավթի ներմուծման 40 տոկոսը։
«Գերմանիան արագացնում է հեղուկացված բնական գազի ներկրման իր տերմինալների կառուցումը, որպեսզի լրացնի այն բացերը, որոնք կառաջանան ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։ Բացի այդ՝ Բեռլինը կենտրոնացել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցման վրա»,֊, ասել է Կուկիսը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և վառելիքից հրաժարվելու քաղաքականության պատճառով՝ Գերմանիան, ինչպես նաև արևմտյան մյուս երկրները, բախվեց էներգակիրների գնաճի հետ: Վառելիքի, առաջին հերթին գազի գնի բարձրացումը հանգեցրեց նրան, որ գերմանական արդյունաբերությունը հիմնականում կորցրեց իր մրցակցային առավելությունները, ինչը ազդեց նաև Եվրամիության ամենահզոր տնտեսության այլ ոլորտների վրա։