«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանի համոզմամբ՝ այսօր գյուղատնտեսության «գերազանց» պատկերի հետ կապված վիճակագրական տվյալները, որոնք ներկայացվում են տարբեր հաշվետվություններում՝ չեն համապատասխանում իրականությանը:
«Այսօր մեզ մոտ վիճակագրական տվյալները գալիս են գյուղապետարաններից: Ես հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել համայնքներում գյուղապետերի անտեղյակության մասին: Ինչպե՞ս կարող է մարդը, ով տեղյակ չէ, թե իր գյուղում քանի կով կա, իմանալ, թե քանի լիտր կաթ է տալիս կովերից յուրաքանչյուրը: Այսօր իշխանությունները, չիմանալով գյուղի իրական պատկերը, ո՞նց կարող են գյուղի հարցերին ճիշտ լուծում տալ: Կարող եմ վստահեցնել, որ ցորենի արտադրությունը մեզ մոտ վստահելի հիմքերի վրա է:
Վերջին երկու տարվա ընթացքում մենք իրոք լավ բերք ենք ստացել, բայց այդ սարսափելի թվերը չեն, որ ներկայացվում են: Ես կարող եմ վստահեցնել, որ անցյալ տարի՝ նախանցյալ տարվա համեմատ, մենք 100.000 տ ցորեն ենք ներկրել, բա, եթե լավ է ամեն ինչ, մենք էլ ինքնաբավ ենք, ինչի՞ ենք այդքան ցորեն ներկրել: Այ, եթե գյուղացին գա օրենքի դաշտ, ամեն բան ավելի հավաստի ու ճիշտ կլինի: Եվ դրա դիմաց էլ սուբսիդիաներ կստանան: Այսինքն, եթե արտադրել ես՝ կստանաս: Պետք է իրական արտադրողին խթանել, ոչ թե ամեն մեկին, ով պարզապես ասում է, թե իբր արտադրում է: Հիմա հստակ ասեմ. քանի որ նախարարներին ասված է՝ գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե՝ մի քիչ թիվ տվեք… Նրանք էլ անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է: Պրիմիտիվ է, այն արտադրողը, որը պետք է ստորագրեր իր արտադրանքի տակ, չի ստորագրում: Նրա փոխարեն՝ ուրիշներն են որոշում, թե նա ինչ է արտադրել»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչյա Բերբերյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում: