Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում օրենքի նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Հայաստանում գործող «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունվել է 1998 թ. եւ ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը: Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում»,- ասաց Գաբրիելյանը:
Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատասխան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս:
Գաբրիելյանը մանրամասնեց, որ օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոնները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման թույլտվությունների եւ լիցենզիաների տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը:
«Օրենսդրական փոփոխություններով, կարգավորվում է կարճափող զենքի շրջանառությունը, նաեւ խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում: Օրենքի փոփոխությունները հստակեցնում են զենքի եւ զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի եւ ռազմամթերքի տեսակները եւ կատեգորիաները»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը:
Առաջարկվող օրինագծով արգելվում է, որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով եւ փողով, 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարության հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի, իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված, կառուցվածքային փոփոխության ենթարկված, ինչպես նաեւ ինքնաշեն հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն: Արգելվում է նաև որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել գազային կամ ազդանշանային զենք, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակել հրազենի փամփուշտներ, լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ եւ որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող եւ նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների. զենք եւ այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրոմագնիսական, լուսային, ջերմային, ենթաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթման օգտագործմամբ:
Առաջարկվող օրենքով հստակեցվում է՝ Հայաստանում զենք ձեռք բերելու իրավունք ունեցողների շրջանակը: Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, որսորդական տնտեսություն վարող եւ հրաձգարան գործարկող կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները: Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Կառավարության uահմանած կարգով:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:
Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք:
Քաղաքացու կողմից ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:
Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր (բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը), պետական տուրքի վճարման անդորրագիր, 2 հատ 3x4 սմ լուսանկար, եւ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր:
Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում անցնել զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք եւ ստանալ համապատասխան հավաստագիր: Պարապմունքի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Պարապմունքից ազատվում այն քաղաքացիները, ովքեր ծառայել կամ ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում առնվազն 5 տարի եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ:
Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝
1) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերություններ ունեցող անձանց (հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը).
2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
3) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.
4) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչեւ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման վերդիկտ կայացնելը).
5) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
6) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչեւ վարչական տույժի ժամկետի լրանալը.
7) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կարգի դեմ, օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի հիման վրա՝ ոտնձգվող վարչական իրավախախտում թույլ տված անձանց.
8) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց.
9) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.
10) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց:
Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, մինչեւ 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, զենքի պարագաները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել առանց թույլտվության: