Չնայած անկարգությունների ալիքի դեմ պայքարին՝ Իրանը շարունակում է պահպանում է զգոնությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ եւ պատրաստ է ապահովել իր շահերը տարածաշրջանում, գրում է Tehran Times-ը։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրանը բախվել է անկարգությունների աննախադեպ ալիքի՝ բռնկված Մահսա Ամինիի մահից հետո՝ երիտասարդ կին, որը մահացել է ոստիկանական կալանքի տակ գտնվելու ժամանակ: Անկարգությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ հարավկովկասյան տարածաշրջանը դարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտական բախումների օջախ:
Կիրակի օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժը կրակի տակ է հայտնվել եւ ձեռնարկել է «համարժեք պատասխան միջոցներ»:
Հայաստանը հերքել է, որ կրակել է ադրբեջանական ուժերի վրա։ «Հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նման ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան սահմանին արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ»,- նշել է ՀՀ ՊՆ-ն
Հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված լարվածությունը արդեն վաղուց անհանգստացնում է Իրանին՝ հաշվի առնելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու Ադրբեջանի ծրագրերը, որը իրականացնելու դեպքում կկտրի Իրանի ցամաքային սահմանը Հայաստանի հետ։
Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային սահմանների վերաբերյալ Իրանի անհանգստությունը սրվել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Այդ ժամանակից Իրանը զգուշացնում է, որ չի ընդունի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն։
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները ավելի են սրել այս մտավախությունները, քանի որ Իրանը զբաղված է սեփական տունը կարգի բերելով: Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հանգստացրել է մտահոգությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել է, որ անկարգությունները չեն շեղում Իրանի ուշադրությունը տարածաշրջանում զարգացումներին հետեւելուց:
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անցյալ շաբաթ Աստանայում երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ։ «Այս հանդիպմանը Ռայիսին մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության եւ Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհի ցանկացած փոփոխություն։ Նա ասել է, որ դա կհանգեցնի Իրանի խիստ արձագանքին: Ռայիսին նաեւ մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը տարածաշրջանում որեւէ պատրվակով։ Նա ասել է, որ ներքին խնդիրները մեզ չեն շեղի Իրանի ժողովրդի ռազմավարական շահերից»,- հանդիպման մասին Twiter-ում գրել է Ջամշիդին։
Հանդիպմանը Ռաjիսին հայտարարել է, որ պետք է հարգել Ադրբեջանի եւ Հայաստանի ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ասվում է հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ։
«Իրանը մերժում է տարածաշրջանի պատմական եւ աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն եւ Իրանի ու Հայաստանի տարանցիկ կարգավիճակի ցանկացած փոփոխություն»,- ասել է Ռաjիսին։ Հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկիրն է, որը ողջունել է Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, նա հավելել է. «Իրանը պատրաստ է օգտագործել իր հսկայական ներուժը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները լուծելու համար»:
Ադրբեջանի նախագահն իր հերթին Պրահայում մանրամասն զեկույց է ներկայացրել տարածաշրջանային իրադարձությունների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բազմակողմ բանակցությունների վերջին կարգավիճակի մասին։
Նա նաեւ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային սահմանների պահպանումն ու դրանց հանդեպ հարգանքը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը շաբաթ օրը հեռախոսազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր է փոխանակել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ոլորտների կարեւորագույն հարցերի շուրջ։
Ամիր-Աբդոլլահիանը նշել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների խորությունը եւ կարեւոր համարել երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը Ղազախստանի մայրաքաղաքում՝ Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթաժողովի շրջանակներում։
Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումն Իրանի Իսլամական Հանրապետության մշտական քաղաքականությունն է։
Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Կովկասում օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների համար ընդհանուր խնդիր է, եւ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժի տեղակայմանը»։