Բանակցությունները շատ դեպքերում լինում են գաղտնի կամ այնպիսին, որ դա չեն հրապարակում, մինչեւ վերջնական տարբերակին: Այս մասին այսօր' հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Պուտինն ասել է, թե ՀՀ իշխանությունը հակված է «վաշինգտոնյան տարբերակին», նա արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ լսել եւ չեմ լսել, որ Վլադիմիր Պուտինն ասի՝ մեր իշխանությունը հակված է «վաշինգտոնյան տարբերակին»: Ես շատ ուշադիր լսել եմ նրա ելույթը: Դուք մամուլում տեսել եք, որ երկու մոտեցում հնչեցվել է՝ ռուսական եւ արեւմտյան: Մեծ հաշվով, որքան ես տարբերությունը հասկացա նորից մամուլիս, որ ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արեւմտյան տարբերակը այլ: Արեւմտյան տարբերակն ասում է մշակութային ինքնուրույնություն: Ռուսական տարբերակում ինչ-որ աստիճան ղարաբաղյան հարցում կա այնպիսի մոտեցում, որ տատուս քվոն պահվում է եւ ինչ-որ ժամանակ բանակցություններ: : Էլի մամուլից սլել եմ, որ ռուսական տարբերակն առաջնային է համարվել եւ աշխատել են այդ տարբերակի ուղղությամբ»:

Հարցին, թե հնարավո՞ր է Սոչիում սպասվող հանդիպմանը որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ՔՊ պատգամավորը պատասխանեց. «Հնարավոր է, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, բայց որքան գիտեմ փաստաթուղթ չկա ստորագրելու: Միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց չեմ կարծում, որ խոսքը խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին է»:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Կիսվել