Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ տեսչական մարմինների ղեկավարների վերջին հրաժարականները կապված են այն բանի հետ, որ վերջիններս չեն կատարել իր հանձնարարականները:

Ուշագրավ է, որ Փաշինյանի հանձնարարականները կամ կառավարության ծրագրում առկա դրույթները չկատարելով նաև այլ պաշտոնյաներ են աչքի ընկել:

Դիցուք' տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած կառավարության ծրագիրն ակնհայտորեն չի համապատասխանում' տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում՝ եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:

Կառավարության ծրագրից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառույցը լրջորեն պատրաստվում է Ամուլսարի հանքի շահագործմանը' բյուջեի հավելյալ եկամուտներ ապահովելու ցանկությունից դրդված։ Սակայն, արի ու տես, որ Վայոց Ձորի մարզպետը բնավ էլ չի շտապում լծվել հանքի բացման լոբբինգին, հակառակը՝ խոսում է բնապահպանական ռիսկերից և հորդորում սպասել փորձաքննության վերջնական եզրակացությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Ջերմուկի ՔՊ-ական ավագանին և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն արդեն իսկ մեսիջներ են հղել առ այն, որ հանքի շահագործումն այլընտրանք չունի:

Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։ Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:

Ռոմանոս Պետրոսյանին Փաշինյանը ՊՎԾ էր գործուղել իր աչքերը լինելու նպատակով, սակայն անցել է շուրջ մեկ տարի, իսկ ՊՎԾ-ն այդպես էլ աչքի չի ընկել քիչ թե շատ լուրջ բացահայտումներով:

Հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ է Փաշինյանը պատրաստվում հեռացնել իր հանձնարարականները չկատարած մյուս թիմակիցներին...