Հայաստանում մոտ օրերս հնարավոր է կրկին վերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն, ուշագրավն այստեղ ոչ այնքան հավանական թանկացման փաստն է, ինչն իրականում ավելի քան սպասելի էր, այլ այն հանգամանքը, որ թանկացումը տեղի է ունենում այն իշխանությունների օրոք, որոնք մշտապես աչքի են ընկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքելով:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները մասնակցել են «Էլեկտրիկ Երևան» շարժմանը: Ընդ որում, ոչ միայն այդ շարժմանը, այլ նաև տրանսպորտի սակագնի դեմ ցույցերին, Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաներին: Այդ ակցիաներին մասնակցում էին Հայկ Մարությանը, Դանիել Իոաննիսյանը, Զարուհի Բաթոյանը և մյուսները: 

Այն ժամանակ, որպես ընդդիմադիր, որպես ակտիվիստ` նրանք դեմ էին էլեկտրաէներգիայի թանկացմանը և կառավարությունից պահանջում էին քայլեր գործադրել թանկացումները կանխելու համար, իսկ այսօր, լինելով կառավարության անդամներ, զբաղեցնելով այլ զանազան պաշտոններ, վերջիններս ուսերն են թոթվում և հայտարարում, որ ոչինչ փոխել հնարավոր չէ. էլեկտրաէներգիայի թանկացումը այլընտրանք չունի ստեղծված իրավիճակում:

Արդեն վարչապետ Փաշինյանը կրկին խոսել է այս հարցի շուրջ և հուսադրող հայտարարություններ արել, որոնք սակայն չեն իրականանում։

Ներկայումս պատգամավոր Լենա Նազարյանը նախկինում «Վճարում ենք 100 դրամ» սոցիալական շարժման ակտիվ մասնակից էր։

Այժմ Լենա Նազարյանը անշուշտ չի նկատում երկրում արձանագրվող թանկացումները, փոխարենը նա գտնում է, որ նախարարների համար 500 հազար դրամ աշխատավարձը անչափ քիչ է:

Ժամանակին ընդդեմ թանկացումների ցույցերի ակտիվ մասնակից էր նաև ներկայումս ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանը։

Այժմ, երբ իր հարազատ Կոտայքի մարզում տրանսպորտի ուղևարձը կրկնակի թանկացել է, Պետրոսյանը լռում է:

Ինչպես տեսնում ենք՝ նախկինում ակտիվիստ, այսօր արդեն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք ոչ միայն մոռացել են, թե ինչի համար էին տարիներ առաջ պայքարում, այլ բացահայտ կերպով հրաժարվում են կատարել նաև ի պաշտոնե տված խոստումները: