Հայկական ֆուտբոլում վերջին ամիսներին բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ընդհանրապես տպավորություն է, որ ՀՖՖ-ին չի հաջողվում դուրս գալ սկանդալների անվերջանալի թվացող շղթայից:
Սկսենք ոչ վաղ անցյալից: Մինչ հեղափոխությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թերևս, ամենաքննադատված պաշտոնյաներից մեկն էր: Նրա ղեկավարման տարիներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը որևէ քիչ թե շատ շոշափելի արդյունք և հաջողություն չգրանցեց' մշտապես հետ գնալով դասակարգման աղյուսակում, եղան նաև կոռուպցիոն սկանդալներ: Անգամ ֆեյսբուքում խումբ էր բացվել, որը այդպես էլ կոչվում էր՝ «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»:
Հեղափոխությունից հետո ՀՖՖ նախագահը հրաժարական տվեց' իր պաշտոնը փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ով նույնպես տվյալ դիրքում ոչնչով աչքի չընկավ: Այնուհետև սկսվեց ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի էպոխան, ում, ըստ լրատվամիջոցների, այդ պաշտոնում նշանակվելու համար ընտրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այդ նույն ժամանակ Փաշինյանը և ՀՖՖ նախագահը բավական հավակնոտ խոստումներ էին շռայլում' խոստանալով հասնել նրան, որ 2050 թվականին ֆուտբոլի մեր ընտրանին դառնա աշխարհի կամ եվրոպայի առաջնության մեդալակիր։ Այն, ինչ եղավ դրանից հետո, անչափ հուզիչ էր: Իսկ եղավ այն, որ ընտրանին տապալեց թե՛ աշխարհի, թե՛ եվրոպայի առաջնության ընտրական փուլերը' վերջին երեք խաղում պարտվելով 4:0, 6:0 և 9:0 հաշիվներով: Հայաստանի առաջնությունից անհասկանալի պատճառներով դուրս մնացին բազմաթիվ ակումբներ, իսկ թիմերի 70 տոկոսը շարունակում է կոմպլեկտավորվել արտասահմանցի խաղացողներով, որովհետև ոչինչ չի արվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Մելիքբեկյանը հայտնվեց նաև կոռուպցիոն սկանդալի կիզակետում, երբ հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից մեղադրվեց ՀՖՖ ֆինանսական միջոցները յուարցնելու մեջ: Գործը, իհարկե, ջրվեց։
Վերջերս էլ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որի ընթացքում հայտարարել է, որ ՀՖՖ ղեկավարությունը ոչ կոմպետենտ է և ինքը «Փյունիկի» անունից անվստահություն է հայտնում Արմեն Մելիքբեկյանին:
Սկանդալները այսքանով չեն ավարտվում: Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում, «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբն, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Սակայն, այս գործողությունները որևէ կերպ ուսումնասիրության առարկա չեն դարձել: