Պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների՝ մասնավորապես նրանց, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ:

Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին հարցը կառավարության նիստում հավանություն ստացավ:

Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող և 6 ամսվա ընթացքում չեն եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ:

«Այն գործատուները, որոնք առնվազն 1 տարով աշխատանքի կընդունեն առաջին կամ երկրորդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավել, քան 50 հազար դրամ: Ընդ որում, մենք նաև այլ բաղադրիչ ունենք, միանվագ 500 հազար դրամ աջակցություն ենք տալիս՝ աշխատանքային միջավայրը խելացի հարմարեցումներով ապահովելու համար»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Իսկ եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անձի, պետությունը 6 ամիս շարունակ կտրամադրի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 12 հազար դրամ: Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 30-45 տարեկան անձանց մեջ բավականին մեծ տոկոս է կազմում այն կանանց թիվը, որոնք տնտեսապես ակտիվ չեն: Եվ պետությունը կավելացնի աջակցությունը ևս 3 ամիս, եթե կնոջ խնամքին կլինի մինչև 5 տարեկան երեխա: Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց է վերաբերում հաջորդ կարգավորումը: «Մենք կարևորում ենք ակտիվ ծերության ծրագրերը, որպեսզի կարողանանք նրանց սոցիալական և տնտեսապես ակտիվ պահել մեր հասարակության մեջ: Այսպիսով՝ եթե սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի են ընդունում, ապա 6 ամիս ժամկետով աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան ամսական 21 հազար դրամ կտրամադրենք»,-ասաց նախարարը:
Կան շահառուների այլ խմբեր ևս, օրինակ՝ նպաստ ստացող ընտանիքների երիտասարդներ:

Եթե ծրագիրը, օրինակ, 3 ամսով է, ապա գումարը տրվում է ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց 5 օր հետո: