Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնված ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին և 11-ին» հոդվածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեկի «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերին և հրապարակել է ցուցադրությունների ծրագիրը, պարբերականի անդրադարձը մեջբերել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Հոդվածում ասվում է. «Համո Բեկնազարյանի վերականգնված երեք ֆիլմերը, որոնք կցուցադրվեն «Աշխարհի ողջ հիշողությունը» կինոփառատոնի շրջանակում, անփոխարինելի ժառանգություն են»:
Հոդվածում ընդգծվում է, որ Համո Բեկնազարյանը 1920-1950 թվականների սովետական կինոյի ականավոր կինոգործիչ էր, հայ կինոյի հիմնադիր, խորհրդային կինոյի պատմության մեջ օրինակը չունեցող 30 լիամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ: Ըստ պարբերականի՝ Բեկնազարյանը կինոյի՝ որպես մշակութային էմանսիպացիայի գործիքի ջերմեռանդ պաշտպանն էր ու կողմնակիցը:
Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի շրջանակում մարտի 10-11-ին կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» կինոնկարը՝ նկարահանված 1928 թվականին, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորն ստեղծել է 1942-ին: