Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցման և մինչև 2026 թվականը 60 տոկոսից ցածր մակարդակի ապահովման, ինչպես նաև հարկաբյուջետային կանոններով սահմանված պետական ֆինանսների «ոսկե կանոնների» ամբողջական պահպանման վերադարձի թիրախներն ապահովված են. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի' մարտի 13-ի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Ըստ նախարարի' մասնավորապես 2022-2026 թվականների ՀՀ Կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին 60,5 տոկոս, իսկ 2026 թվականին' 53,8 տոկոս, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է' 50 տոկոսից կազմելով 46,7 տոկոս: Սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար» հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:
2022 թվականի ընթացքում պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ կամ ընդամենը ֆինանսավորման 79,2 տոկոսը, իսկ արտաքին վարկերի հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը' 66,2 մլրդ ՀՀ դրամ կամ ընդամենը ֆինանսավորման 20,8 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորման կշիռն աճել է 38,6 տոկոսով: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 9,1 տոկոսով, որը մեղմել է պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումների նկատմամբ:
ՀՀ ֆինանսների նախարարը նաև նշել է, որ Հարկային օրենսգրքում իրականացվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ, որոնք հնարավորություն են ստեղծել մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնելու մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ' դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ: Բարձրացվել է նաև 2023 թվականի ռոյալթիի կանխավճարների չափը. 25 տոկոսի փոխարեն սահմանվել է 30 տոկոս: Բարձրացվել է խաղային ոլորտի ինտերնետ շահումով խաղերի տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի հարկային բեռը, մասնավորապես, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի մասով խաղադրույքներ ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են պետական տուրքեր' ինտերնետ շահումով խաղերի մասով յուրաքանչյուր 100 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար' 175 մլն ՀՀ դրամի չափով, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի մասով' յուրաքանչյուր 50 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար' 50 մլն ՀՀ դրամի չափով: Խաղային ոլորտի մասով վերոնշյալ պետական տուրքի դրույքաչափերը կիրառվելու են 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2022 թվականի ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկ, որը 339 միլիարդով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Նշվել է, որ 2022 թվականի շուրջ 8,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ՀՆԱ-ի պայմաններում փաստացի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է մոտ 22,7 տոկոս' մնալով նույնը նախորդ տարվա համեմատ: Սակայն եթե վարչարարության գնահատման նպատակով 2021-2022 թվականների հարկային եկամուտների մեջ ներառվեն նաև եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, ինչպես նաև 2022 թվականին մաքսատուրքի գծով ԵՏՄ ընդհանուր բյուջեից շուրջ 58,3 մլրդ պակաս ստացված գումարը, ապա ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի մոտ 23,9 տոկոս, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից (23,2 տոկոս) ավելի կլինի մոտ 0,7 տոկոսային կետով: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ էական աճ արձանագրվել է բոլոր հարկատեսակներով, մասնավորապես, ԱԱՀ աճը' 22,2 տոկոս, շրջանառության հարկը' 25,7 տոկոս, շահութահարկը' 40,5 տոկոս: Ըստ ՊԵԿ նախագահի' բացառությունը միայն մաքսատուրքն է, որը նախապես պլանավորվածից հայտնի հանգամանքների պատճառով ԵԱՏՄ-ից պակաս ստանալու հետևանքով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը չի բարելավվել: Մաքսատուրքերից մուտքերի նվազման պատճառը ԵԱՏՄ-ում լոգիստիկ շղթաների փոփոխություններն են և ԵԱՏՄ երկրներից հատկապես Ռուսաստանում մաքսատուրքերի հավաքագրման նվազումը, որի հետևանքով նվազել է նաև մաքսատուրքերի ԵԱՏՄ ընդհանուր բյուջեն:
1000 խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն ՀՀ դրամ կամ ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 78 տոկոսը, որը 32 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2022 թվականի մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021 թվականի, այլ նաև դրան նախորդող, այդ թվում' տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ: Շուրջ 212,3 մլրդ ՀՀ դրամով կամ 32 տոկոսով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների մասով, իսկ ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները կազմել են շուրջ 28 մլրդ դրամ' 2021 թվականի համեմատ 10 մլրդ ՀՀ դրամով ավելի:
2022 թվականի արդյունքներով հաշվարկային փաստաթղթերով, այդ թվում' ՀԴՄ կտրոններով հարկ վճարողների կողմից հայտարարագրվել է շուրջ 10,2 տրլն ՀՀ դրամ շրջանառություն, որն ավելի է 2021 թվականի շրջանառությունից (8,2 տրլն ՀՀ դրամ) շուրջ 25 տոկոսով:
Օրվա բանախոսները պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն ընդունվել է ի գիտություն: