Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում կառույցի կողմից կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ՝ կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների գծով: Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ, քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն ՀՀ դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են:
Նշվել է, որ ՊՎԾ գործունեության արդյունավետության բարձրացման շրջանակում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնել նաև հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրային քննարկման՝ E-draft.am կայքէջում: Շենքային պայմանների բարելավման միջոցառման շրջանակում ավարտվել են վերակառուցման/հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, շինարարության մրցույթը նախատեսվում է հայտարարել այս տարի:
Այս հաշվետվությունից պարզ է դառնում, որ նախորդ տարի ՊՎԾ-ն բավական պասիվ է եղել: Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերն» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Ընդամենը բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում: Այսինքն՝ աղմկոտ բացահայտումների փոխարեն վարչապետին են զեկուցում շենքային պայմանների բարելավման և օրենսդրական նախաձեռնությունների մասին, մինչդեռ Փաշինյանի սպասելիքները անշուշտ ավելին էին:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքից իշխանական վերնախավում լուրջ դժգոհություն է հասունացել, ինքը' Փաշինյանն էլ նեղ շրջանակում չի թաքցրել իր դժգոհությունը ՊՎԾ պետի գործելաոճից և ցուցադրած արդյունքներից: Ըստ էության, Ռոմանոս Պետրոսյանի գլխին սկսել են մութ ամպեր կուտակվել և դա չնկատել' հնարավոր չէ: