Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Պարեկները պարզում են, որ ավտոմեքենան վարում է երեխա, ով 13-ամյա Վրեժ Խ․-ն է։
Երբ պարեկները փորձում են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։
Նա նաև հայտնում է, որ մեքենան էլ ուրիշ մարդու չի պատկանում՝ պաշտոնյայի է։ Պարեկներն, այնուամենայնիվ, հորդորում են Վարդան Պ․-ին, որպեսզի չխոչընդոտի իրենց աշխատանքին և ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Բերդի բաժին։
Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առնում և այդ պահին ռեստորանից դուրս են գալիս մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է լինում նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։
Վերջինս մոտենում է պարեկներին և պահանջում է, որպեսզի տեսախցիկներն անջատեն։ Սակայն պարեկների կողմից մերժում ստանալով, սկսում է հայհոյանքներ հնչեցնել։ Եվ այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը՝ Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն, հարձակվում են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցնում նրանցից մեկին։
Պարեկները ստիպված կիրառում են հատուկ միջոց՝ ցրիչ պղպեղային միջոց և ձեռնաշղթա։
Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ այդ 3 անձինք ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։
Միհրան Խ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։ Նշված անձինք ձերբակալվել են։