«Ցավալին այն է, որ մենք մեզ տրված ժամանակը արդյունավետ չենք օգտագործում․ ի՞նչ ենք արել մենք 2020թ-ի նոյեմբերից մինչև 2023թ-ի հունիսի 27-ը։ Երկու տարի և թուրքը դանակը սրած գալու է մեր հետևից»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի զրույցում տեսակետ հայտնեց փորձագետ Մհեր Հակոբյանը` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Վաշինգտոնյան բանակցություններից առաջ արված հայտարարությանը, թե «Ադրբեջանական բանակի մեկ կորպուսը բավարար է՝ Ղարաբաղում գտնվող զինված «խմբավորումները» ոչնչացնելու համար»։
Հակոբյանի խոսքով` այս հայտարարությունը շատ հոխորտալից և հաղթական ոճով է տրված. ներկայացնում են, որ հաղթել են և պետք լինի՝ մեկ անգամ էլ կհաղթեն։
«Ցավոք, մենք պարտվել ենք, իրենք` հաղթել, բայց, երկու գործնթացներն էլ վերջնական չեն, այսինքն, խաղը շարունակվում է։ Մեկ կորպուսը, բնականաբար, բավարար չէ, մեկ կորպուսի հետ մենք հավասարը հավասարի հետ կկռվենք։ Դեռ հարց է, թե ողջ Ադրբեջանը բավարար կլինի, թե՞ ոչ, և ամենակարևորը քաղաքական բաղադրիչն է։
Հասանովը այնպես է ներկայացրել հարցը, կարծես Արցախում միայն արցախահայությունն ունի ռազմական ներկայություն, այն դեպքում, երբ այնտեղ կա 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախումբ։
Օրինակ՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի մինչ աշուն՝ Հասանովը էլ չի կարող վստահ լինել, որ Ռուսաստանի հետ իրենք կկարողանան հաշվի նստել»,-ասաց նա՝ նշելով, որ հայրենասեր հայի համար ցավալի է նման հայտարարություններ լսել, մանավանդ՝ ներկայիս ներհայաստանյան իրավիճակի ֆոնին։
«Մեզ փորձում են ահաբեկել, վախեցնել, մանավանդ վերջին պատերազմից հետո, երբ մենք ռազմական բաղադրիչով այդքան էլ չպարտվեցինք, բայց այդ տարածքային զիջումները, հասարակության ահաբեկումը, որը այժմ էլ գործող իշխանություններն են պահպանում, այս ամենը հոգեբանական պատերազմ է։ Ադրբեջանական փորձագետները առաջ շատ ինքնավստահ էին, մեր նկատմամբ առհամարանքով, իսկ այժմ, արդեն անհանգստության նոտայով ասում են, որ 2023 թ․-ը լինելու է հնարավորությունների վերջին տարին, 2024-ում էլ ֆինալը` կամ այս կողմ, կամ՝ այն, իսկ 2025-ում, արդեն, պետք է մայիսի 10-ի դրությամբ Ալիևը պատասխանած լինի այն հարցին, թե ռուսները գնո՞ւմ են, թե՞ մնում, այսինքն, իրենց հնարավորության պատուհանն էլ է շատ արագ փակվում»,-ասաց զրուցակիցը։