ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով մեր քաղաքացիները որոշում կայացրեցին, որ «Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:
Անկախության հանրաքվեի դրված այս հարցի մեջ իսկ արտացոլված էր այն վերջնական նպատակը, որին պիտի հասներ մեր երկիրը՝ լինել անկախ, ժողովրդավար, ինքնիշխան:
Հայաստանի անկախությունը կերտվում էր մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, սակայն մեր նորաթուխ պետականությունը կարողացավ դիմադրել պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի ու բազում այլ դժվարությունների, ամրացավ ու կայացավ որպես կենսունակ, զարգացող ու ժողովրդավար պետություն: Սակայն ինքնիշխանությունը, ազատությունը մեկանգամյա հասանելի վերջնակետ կամ լուծելի խնդիր չէ, այլ ամենօրյա ծանր, անձնվեր, երբեմն զոհողություններ պահանջող պայքար:
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Մեր ժողովուրդը, մեր անկախությունն ու պետականությունն այսօր էլ ծանր փորձությունների միջով են անցնում, դիմադրում հարվածների և, ցավոք, ունենում կորուստներ: Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան կերտելու մեր բացառիկ իրավունքը բախվում է հերթական մարտահրավերներին, սակայն ես հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը և ինչպես ասել է մեր մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը դեռ 1991 թվականին՝ ««Այո»-ն ասելով' մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»:
Այսօր մենք հավաքական կամքով, նվիրումով, տքնաջան աշխատանքով ու համերաշխությամբ պիտի հաստատենք, որ 1991-ի «Այո»-ն անշրջելի ու անբեկանելի է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունն ու բարեկեցությունը անսակարկելի արժեքներ ու անփոփոխելի նպատակներ են, որոնց մենք վստահաբար հասնելու ենք միմիայն մեր ջանքով, ամրապնդվելով որպես պետություն ու համախմբելով որպես հասարակություն:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի կապակցությամբ, խաղաղություն ու ամրություն մեր երկրին» , - նշված է ուղերձում։