Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել այս դժվարին օրերին Հայաստանին և հայրենազրկված արցախահայերին ցուցաբերվող աջակցության և ի մասնավորի հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրվող միջնորդական ջանքերի համար։
Հայոց Հայրապետը անդրադարձ է կատարել Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրներին։
Նորին Սրբությունը նաև իր գոհունակությունն է արտահայտել Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքներին Հունգարիայի կողմից ցուցաբերվող զորակցության առնչությամբ։
Իր հերթին պրն․ Տրիստան Ազբեյը Նորին Սրբությանը տեղեկացրել է Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքների աջակցության ծրագրերի, ինչպես և 2021թ․ հայ ռազմագերիների վերադարձման գործում իր անմիջական ներգրավվածության մասին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայոց Եկեղեցու և Հունգարիայի իշխանությունների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։