Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ներկայացուցչության դեմ տեղին ունեցած իրադարձությունները, որոնք ակնհայտորեն հրահրված էին հայաստանյան իշխանությունների և նրանց ծառայություն մատուցող քաղաքական դիակների կողմից, մասնակցային առումով, այնուամենայնիվ, միատարր չէին և բաժանվում էին 3 հիմնական խմբերի:

Առաջին խումբ, կազմակերպված' մի քանի տասնյակ կազմող անձինք էին, որոնք համախոհությամբ ասոցացվում էին Փաշինյան-Սամվել Բաբայան տխրահռչակ տանդեմին:

Ենթադրելի է, որ նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր, որը պետք է ուղեկցվեր կոնկրետ անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ և դրանով ամբողջությամբ փակվեր Արցախի էջը:

Երկրորդ խումբ, կոնկրետ անձինք էին, ովքեր տեղեկություններ ունեին այն մասին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման և հատկապես դրա վերջին օրերին խիստ կասկածելի ֆինանսական գործարքներ է իրականացրել, հարստացել ու հարստացրել իր թիմակիցներին կամ իր կողմից տարբեր օպերացիաներ իրականացնող խմբերին:

Այս մարդիկ իրենց պատկերացրած ձևերով փորձում են հասնել Արայիկ Հարությունյանի, նրա տարբեր թիմակիցների և ըստ իրենց' ապօրինի հարստացների պատժվելուն:

Երրորդ խումբ, այստեղ մարդիկ էին, ովքեր պարզապես փորձում են հասկանալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու իրենց սոցիալական հարցերը, ի՞նչ է ենթադրում նախագահի հայտնի հրամանագիրը և ի՞նչ է իրենց սպասվում:

Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում:

Պատերազմը, շրջափակումը, չդադարող ճգնաժամները մարդկանց վրա ծանր հոգեբանական ազդեցություն են թողել և նրանց դարձրել խիստ էմոցիոնալ:

Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր' տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը' իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ»: