«Փաստ» օրաթերթը գրում է.
«Համով չարաճճի էր: Իր արարքները մեզ միշտ ժպիտ էին պարգևում, ծիծաղում էինք, բարկանալ անհնար էր: Յուրաքանչյուրի մեջ համ ու հոտ կար: Բոլորն են փաստում, որ Գևորգը միշտ է այդպիսին եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի քույրը՝ Էռնան:
Գևորգը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, նրա և քույրերի միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է: «Բոլորս եղել ենք մայրիկի կարգավիճակում, կարծես մեր տղան լիներ»: Էռնայի խոսքով, մանկապարտեզային տարիքում Գևորգի համար չափանիշներ են եղել Միկոյան եղբայրները: «Երազում էր Միկոյաններին նմանվել, ցանկանում էր օդաչու դառնալու մասին: «Ինչից է ամեն ինչը» գիրք կար, դա իր մանկության տարիների ամենասիրելի գիրքն էր: Ամեն ինչ պետք է բացատրեինք իրեն՝ ինչպես է պատրաստված ինքնաթիռը, ամեն-ամեն ինչը: Իր սիրելի վայրը Միկոյանների թանգարանն էր: Մինչ դպրոցական տարիքն այնպիսի շաբաթ չի եղել, որ Գևորգն այդ թանգարան գնացած չլինի: Ավելի ավագ տարիքում՝ դպրոցական տարիներին Գևորգի էտալոնը մեր հայրիկն էր: Ցանկանում էր ոստիկան դառնալ, անպայման ուսադիրներ կրել»,-նշում է զրուցակիցս:
Քույրիկն ասում է՝ եղբայրն արդեն բավականին հաստատուն քայլեր էր արել դեպի իր նպատակը: Գևորգը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։ «Այդտեղ սովորելու ժամանակ Ռուսաստանի դեսպանատանը քննություն է հանձնում, ընդունվում ՌԴ Հարավային դաշնային համալսարան: Ամեն ինչ ինքնուրույն էր կազմակերպում: Լավ եմ հիշում այդ օրը, ամուսինս ասաց՝ 16 տարեկան երեխա է, մենակ քննության է գնացել, արի գնանք, կողքին լինենք: Գնացինք ու տեսանք, որ երկրպագուների մի մեծ խումբ իրեն է սպասում»,-Էռնայի ձայնի մեջ այդ օրվա հիշողությունների հետ կապված այնքան ջերմություն է զգացվում:
Գևորգը 2014-2018 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ «Ուսումնառությունն ավարտելուց հետո միանգամից չորս, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանական համակարգերից աշխատանքի հրավեր էր ստացել՝ որպես լավագույն ուսանող: Մերժել էր դրանք և վերադարձել Հայաստան: Ղրիմում պետք է ծառայեր, սակայն հենց վերջին օրը զինկոմիսարիատում պատռում է փաստաթղթերը, անգամ հայրիկիս հետ փոքրիկ վեճ է ունենում, դուրս գալիս զինկոմիսարիատից, զանգահարում Ալավերդիի զինկոմիսարիատ, թղթերը պատրաստել տալիս և վերադառնում Հայաստան: Հետո Գևորգն ուսումը շարունակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»: Էռնան ասում է՝ Գևորգի՝ Հայաստան վերադառնալու պատճառներից մեկը մեր ժողովուրդն էր:
«Ասում էր՝ մեր ժողովուրդն արժանի է առաջնորդ ունենալու: Կարծես ինքն իրեն նախապատրաստում էր, որ մեծ թռիչքներով հասնի լուրջ պաշտոնների, ասենք՝ ՆԳ նախարարի պաշտոնին: Կադրեր կան, որ Մատաղիսում զինվորների հետ պարում է և ասում՝ ապագա նախարարի հետ եք պարում: Ուզում էր ուսադիրներ կրել, հետագայում էլ ռազմական համակարգից տեղափոխվել ոստիկանական համակարգ: Մանրուք է թվում, բայց չէր ընդունում «պառկած ոստիկան» տերմինը, որով արհեստական անհարթությունն ենք կոչում: Ասում էր՝ բառապաշարից առաջինը դա պետք է վերացնեմ: Պատերազմից մի քանի օր առաջ, իր արձակուրդային օրերն օգտագործելով, Մատաղիսից եկավ Հայաստան և դիմեց Ոստիկանության ակադեմիա, երրորդ բարձրագույնն էր ուզում սովորել: Ասում էր՝ բոլոր կառույցները պետք է ավարտեմ, բայց չեմ բավարարվելու դրանով, նաև Մոսկվայի ակադեմիան եմ ավարտելու»:
2019 թ.-ին Գևորգը սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։ Սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց: «Այդ օրն իմ տանն էր, ակադեմիայի ընդունելության գործերով էր զբաղված, հետո պետք է գնար Ալավերդի: Պատերազմի լուրով արթնացանք, Գևորգը կապվեց իր հրամանատարության հետ, այնտեղից ասացին՝ մի՛ արի, արձակուրդի մեջ ես, քո գործերով զբաղվի՛ր, արձակուրդը կվերջանա, նոր կվերադառնաս ու կստանձնես քո պարտականությունները: Բայց իր դասակի տղաները հաղորդագրություն գրեցին՝ Կոմանդո՛ր, հասի: Որոշեց, որ գնում է, մոտեցավ ինձ՝ եթե չգամ, իմացեք, որ ձեզ համար հուլիսից գրված նամակ ունեմ: Միանում է կամավոր տղաներին՝ իր դասընկերներին, միասին հասնում են Մարտակերտ: Ներկայանում է, ասում են՝ քո դասակն այլևս չկա, դիրքերը գրավված են, գնում ես Մարտունի: Հրաժարվում է Մարտունի մեկնելուց, ասում է՝ եթե անգամ դիրքերը գրավված են, տղաներն ինձ գրել են, ողջ են, պետք է իրենց հետևից գնամ:
«Չե՞ս ենթարկվում հրամանին, քեզ տրիբունալ կտանք»: Արձագանքում է՝ տվեք, պետք է տղաներին գտնեմ: Ներկայանում է վաշտերի հրամանատարներին, ստանձնում պարտականությունները և բարձրանում իր դիրքերը, գտնում զինվորներին: Սկզբում իրեն վստահված բնագիծն է վերցնում հրամանատարության տակ: Ստացվում է այնպես, որ նահանջի անհրաժեշտություն է լինում, Գևորգը կազմակերպում է տղաների ապահով նահանջը: Փրկված տղաների մեջ կան ժամկետային, պայմանագրային զինծառայողներ, կամավորներ: Շատերը մեզ հետ կապ են հաստատել, շնորհակալություն հայտնել, որ Գևորգի շնորհիվ են ողջ մնացել: Գևորգը միանգամից ութ դիրքի հրամանատար է եղել»: Հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամը վեցին Գևորգը զանգում է ընտանիքին, ծնողներին ասում է՝ չորս օր չեմ զանգելու, չանհանգստանաք: «Իրեն ասացի՝ չեմ ուզում քեզ հետ երկար խոսել, ԱԹՍ-ներից վախենում եմ: Ասաց՝ «ճիշտ ես անում, Էռնա, ինձ համար այս պահից ավելի շատ անհանգստացիր»:
Ընկերներին էլ ասել էր՝ գնացի մեռնելու, էլ չեմ իջնելու, տղե՛րք, վերջն է: Ամենամոտ ընկերոջն ասել էր՝ տղայիդ անունը Գևորգ կդնես»: Գևորգը հատուկ գործողության է գնում: Նա զոհվել է Մատաղիսի ու Մարտակերտի արանքում՝ ձորակային հատվածում, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ իր մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. զինվորը ողջ է մնացել: «Իր զրահաբաճկոնը և սաղավարտը հագին չեն եղել, տվել էր ժամկետայիններին: Գլխին մի փոքր վնասվածք էր ստացել, եթե իր սաղավարտը գլխին լիներ, այսօր ողջ կլիներ»: Հոկտեմբերի 11-ին Գևորգն արդեն «տանն էր»: «Հուլիսին գրված հրաժեշտի նամակը գտել ենք իր հեռախոսից 2021 թ.-ի փետրվարին, երբ այն մեզ վերադարձրեցին: Նամակում գրել է, որ «վիճակը լուրջ է, կարող է այնպես ստացվել, որ այլևս չլինեմ»: Մայրիկին ասել է՝ ես կամ, կլինեմ քո սրտում. «Եթե ասեն Գևորգը չկա, խաբում են, Գևորգը կա ու այնքան ժամանակ, ինչքան որ դու կաս: Ես կամ ու քո սրտում եմ, քո մեջ, իմ ապրելու տեղը դա է: Խնդրում եմ՝ երկար կապրես, թող սիրտդ հավերժ ապրի, որ մեջը ես էլ ապրեմ...»:
Ու այսպես անհատապես յուրաքանչյուրի պատգամել է ապրել: Իր նամակում հստակ ասում է, թե մեզանից ով ինչ պետք է անի: 409-ը իր սիրելի թիվն էր, հետևում էր այդ թվին: Մեքենայի համար, հեռախոսի համար, ամեն տեղ այդ թիվը կար: 409 օր է տևել իր ծառայությունը Մատաղիսում»: Պատահական չէ, որ Գևորգի մասին հուշագրությունը «Լեյտենանտ 409. 409 քայլ դեպի անմահություն» վերնագիրն ունի: Հ. Գ. - Լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով։ Արցախի Հանրապետության մյուս պարգևատրումից Գևորգի ընտանիքը հրաժարվել է՝ ասելով՝ կընդունեն միայն այն ժամանակ, երբ Արցախը կլինի այն սահմաններով, որի համար Գևորգը պայքարել է:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լոռվա մարզի Հագվի գյուղում: 2021 թ.-ի օգոստոսի 28-ին գյուղում բացվել է Գևորգին նվիրված հուշաղբյուրը, իսկ նրա հուշատանը ներկայացված են լեյտենանտի անձնական և մարտական իրերը, լուսանկարները, պատվոգրերը, հուշանվերները։