Այսօր շատերն են զուգահեռներ անցկացնում՝ 20-րդ դարում նացիստական Գերմանիայի կողմից էթնիկ հրեաների հանդեպ վարած քաղաքականության և ժամանակակից Ադրբեջանում՝ Արցախի և արցախցիների հանդեպ վարվող ռասիստական, ծավալապաշտական և ի վերջո` էթնիկ զտումների հանգեցրած քաղականության միջև: Սակայն, զուգահեռներից գլխավորը կայանում է նրանում, որ անպատժելիությունն ու միջազգային գլոբալ խաղացողների լուռ համաձայնությունը 20-րդ դարում ծնեց նոր ոճիրներ արդեն այսօր՝ 21-րդ դարում, երբ մեր աչքի առաջ 120 հազար հայ ենթարկվեց էթնիկ զտման և վտարվեց իր հայրենիքից:

 Զուգահեռները իսկապես բազմաթիվ են: Դիցուք՝ 1939 թվականի մայիսի 13-ին, Սենթ Լուիս նավը` 930 ուղևորներով, ճանապարհ բռնեց Գերմանիայի Համբուրգ քաղաքից դեպի Կուբա։ Նրա ուղևորների մեծ մասը Գերմանիայից փախչող հրեաներ էին, որոնք փորձում էին փրկվել ջարդերից, բռնություններից, խտրականության քաղաքականությունից և համակենտրոնացման ճամբարներից: Գեբելսը այդ նավարկության լուսաբանման նպատակով հրավիրել էր օտարերկրյա թղթակիցներին։ Նրանք կոչված էիմ իրենց թերթերում պատմել, որ նացիստական իշխանությունները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում հրեաների համար Հայրենիքը լքելու ցանկության մեջ։

Բայց ոչ Կուբայում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Կանադայում փախստականներին թույլ չեն տվել լքել նավը։ Նավը վերադարձվել է Եվրոպա։ Արդյունքում, Սենթ Լուիսի ուղևորների գրեթե կեսը զոհ գնաց Հոլոքոստին:  Ոչինչ չի՞ հիշեցնում: Այն օրերին, երբ հազարավոր հայեր փախչելով ադրբեջանական վայրագություններից ստիպված լքում էին Արցախը, Բաքվի վարչախումբը միջազգային ԶԼՄ-ի էր հրավիրել Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետ, որպեսզի վերջիններս, ի լուրջ աշխարհի ավետեն, թե ինչ լոյալ են ադրբեջանցիները իրենց հայրենիքի լքող արցախցիների հանդեպ և ինչ հոժարակամ են վերջիններս դա անում: Իհարկե, այդ լրատվամիջոցները այդպես էլ չֆիքսեցին, թե ինչպես վերը նշված անցակետից ադրբեջանցիները ապօրինաբար առևանգեցին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Եվ ինչպես այն ժամանակ, այսօր էլ փախստական դարձած արցախցիների ճակատագիրը քչերին է հետաքրքրում:

 

Մեկ այլ զուգահեռ: Բյուրեղապակյա գիշերը ՝ Երրորդ Ռեյխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդերը, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար. կրկին ոչինչ չի՞ հիշեցնում: Սեպտեմբերյան վերջին ագրեսիան Ադրբեջանը սկսել էր այն անվանելով հակաահաբեկչական գործողություն իր՝ իբր թե հայերի կողմից պայթեցված զինծառայողների մահվան դիմաց,  որի ընթացքում ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի դաժանաբար սպանվել և խոշտանգվել են 100-ից ավել հայեր: Նմանատիպ Բյուրեղապակյա գիշերներ ադրբեջանցիները կազմակերպել էին նաև Բաքվում, Մարաղայում, Սումգայիթում:

 
Իսկ այժմ վերը նշված գլոբալ խաղացողների մասին: 1938 թվականի ամռանը երեսուներկու երկրների պատվիրակներ հանդիպեցին ֆրանսիական Էվիան հանգստավայրում։ Ինը օր տևած հանդիպման ընթացքում պատվիրակներից յուրաքանչյուրը իր կարեկցանքը հայտնեց հրեա փախստականներին։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարեցին, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց, ավելին՝ Գերմանիայի ներքին գործերին խառնվելու առանձնակի ցանկություն չունեն: Հիշենք Արցախի հարցով գումարված ՄԱԿ ԱԽ վերջին նիստերը: Բազմաթիվ կարեկցանքներ, այդպես էլ չընդունված ռեզոլյուցիաներ և փաստացի զրո գործնական քայլեր՝ Ադրբեջանին կազմակերպված էթնիկ զտումների համար պատժելու նպատակով: 2023 թվականին արցախցիների հանդեպ կիրառվեց նույն լռության քաղաքականությունը, որը 1938-ին կիրառվեց հրեաների հանդեպ:
 
Վերը նշված զուգահեռները կարելի է անվերջ շարունակել, սակայն, արդեն իսկ պարզ է, որ 20-րդ դարում իրական ոճրագործներին, ռազմական հանցագործներին գործնականորեն պատժելու քաղաքական կամքի բացակայությունը  հանգեցրել է մի իրավիճակի, երբ նմանատիպ հանցագործություններ կատարվում են արդեն այսօր՝ իրեն ժողովրդավարական հռչակած 21-րդ դարում: Ինչպես տեսնում ենք՝ «այլևս երբեք»-ը չի աշխատում, եթե հանցագործի ձեռքից չեն բռնում և չպատժված հանցագործները ոգեշնչման առիթ են դառնում՝ արդեն նորերի համար: Իլհամ Ալիևը և ադրբեջանական ոճրագործ մեքենան դրա վառ ապացույցն են: