Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ ԵՄ վեց երկիր դեռ չի ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագիրը, հաղորդում է UA News.net-ը։
«ԵՄ 27 երկրից միայն 6-ը դեռ չեն միացել համատեղ հռչակագրին (Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին - խմբ.)»,- ասել է Սիբիգան հեռուստամարաթոնի ժամանակ։
Դրանք են Ավստրիան, Խորվաթիան, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան և Մալթան։
«Մենք այժմ աշխատում ենք այս գործընկերների հետ, որպեսզի նրանք ևս միանան հռչակագրին»,- ավելացրել է նա:
Սիբիգան նշել է, որ այս բոլոր պետություններն ունեն քաղաքական կամք՝ դառնալու հռչակագրի կողմ։
Ըստ նրա, Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև անվտանգության երաշխիքների հարցը։
«Մեր ակնկալիքներն ապացուցվեցին, լեհական կողմի դիրքորոշումը լսվեց։ Վստահ եմ, որ մենք կհասնենք ճիշտ արդյունքի, որին արժանի են երկու երկրները»,- ասել է Սիբիգան։