«Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը տոտալ լճացած է, քաղաքական ճահճահոտն ու նեխահոտն այլևս անտանելի են։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բոլոր հարցումներով իր պատմական մինիմումի վրա է, հասարակության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է իշխանությունից և փոփոխություն է ուզում։ Բայց հարց է առաջանում՝ Փաշինյանին չուզենալով հանդերձ ինչո՞ւ է այսքան հանդուրժում»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց՝ տիտղոսային ընդդիմությունը, որը որպես այլընտրանք ձևավորել է Փաշինյանին, ցույց է տվել իր տոտալ իմպոտենտությունը և այսօր ԱԺ-ում սպասարկում է Փաշինյանի օրակարգը․ «Փաշինյանին հեռացնելու հարցում ձախողել են ու դրա համար պատճառաբանություն կբերեն տարվա եղանակը, սնդիկի ջերմաստիճանը, թե Վանգայի կանխատեսումը՝ դրանք բոլորը արդարացումներ են։ «Պատիվ ունեմ»-ը բոյկոտում է նիստերը, հարց եմ տալիս «Հայաստան» դաշինքին՝ բա ո՞ւր մնաց ձեր օրակարգը, երբ նախագծերի 80 %-ը բերում է կառավարությունը, 20 %-ը՝ ՔՊ-ն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա ընդդիմությունը միմյանց հանդեպ ավելի անհանդուրժող է, քան Նիկոլի հանդեպ, ինչից շահում է միայն Փաշինյանը։

Զոհրաբյանի խոսքով՝ այսօր կա երրոդ ուժի անհրաժեշտություն, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ չպետք է լինեն ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից անհատներ։ Ըստ նրա՝ կուսակցական շահերի հետևից ընկնելը, իրարից միկրոֆոն խլելը, հարթակ ուզուրպացնելը բերեցին նրան, որ ժողովուրդը զզվում է նաև ընդդիմությունից։

«Մեր հայրենակիցներից շատերը ինձ ասում են՝ ինչ-որ շարժում սկսեմ, ես մշտապես մերժում եմ այդ առաջարկը, քանի որ չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել ինձ վրա, բայց ես կարող եմ լինել այն քաղաքական թիմի լիդերների շարքում, որոնք կձևավորեն երրորդ ուժ։ Չեմ թաքցնի, որ ես և իմ մի քանի գործընկերներ քննարկում ենք նաև այդ տարբերակը և հնարավոր է՝ որ ձևավորենք քաղաքական նոր պլատֆորմ: Չի բացառվում, որ մայիսին կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ՝ անկախ նրանից, թե որքան է Նիկոլը հեգնում այդ գաղափարը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա կարծում է, որ այսօր հասարակությունը երրորդ ուժի փնտրտուքի մեջ է և գործընթացները բերելու են նրան, որ այն ձևավորվելու է։ Այնուհետև պետք է լինեն քաղաքական բանակցություններ, ընդդիմադիր դաշտը պետք է մի կողմ դնի իր ամբիցիաները, որից հետո հարկավոր կլինի համաձայնության գալ վարչապետի թեկնածուի հարցում և հանդես գալ մեկ ճակատով։

«Երրորդ ուժի վստահության գրավականը պետք է լինի անկեղծությունը․ հասարակությունը հոգնել է էժան, դեմագոգ, դիշովի պոպուլիստներից, այն ընդդիմադիրներից, որոնք ասում են՝ կգանք, կանենք, կտեսնեք, էդպես չպետք է լինի, պետք է հստակ ասեն՝ որ հարցը ինչպես են լուծելու։ Այն ուժը, որ կգա և կասի՝ քվե տվեք, կվերադարձնենք Հադրութն ու Շուշին, ապա բամփեք նրա գլխին։ Այդ կերպ վարվեց նաև ՔՊ-ն, բայց ոչ միայն դեօկուպացիա չարեցին, այլ նաև Արցախի վրա մեծ բանտիկ կապեցին և հանձնեցին Ալիևին, որի ախորժակը հրեշի նման բացվեց։ Քաղաքկան նեխահոտը ոչ մի օծանելիքով չեզոքացնել հնարավոր չէ։ Ուզում է Շանելի, Ֆրենսիս Քյուրքջյանի ու Դիորի վերջին բույրը ցանեք, միևնույն է, քաղաքական նեխահոտը պետք է փոխվի քաղաքական ռեստարտով: Քաղաքական դաշտը նեխած է և երրորդ ուժի անհրաժեշտություն կա»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: