Տեխաս նահանգի իշխանություններն իրենց գործողություններով սրում են ճգնաժամային իրավիճակը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։

«Սահմանապահ ծառայությունը պետք է մուտք գործի սահմանի արգելափակված հատվածը՝ իր աշխատանքը կատարելու համար: Եվ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի գործողությունները ավելի են բարդացնում ամեն ինչ», - ասել է նա:

Ժան Պիերն ընդգծել է, որ նահանգապետը պարտավոր է կատարել ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռները։ «Դաշնային օրենքը երկրի գերագույն օրենքն է, այն գերակայում է ցանկացած պետական օրենքի, որը հակասում է դրան», - ասել է նա: «Նրանք [Տեխասի իշխանությունները] չեն հետևում դատարանի հրամաններին։ Մենք ուզում եմ, որ սահմանապահ ծառայությունը կարողանա կատարել իր աշխատանքը, և նահանգապետ Էբոթը խանգարում է»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Նա հրաժարվել է պարզաբանել, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է իրավական միջոցներ ձեռնարկել՝ Տեխասի ազգային գվարդիան ժամանակավորապես վերահանձնելու իրեն՝ այն տեղափոխելու սահմանից և սահմանային պաշտոնյաներին մուտք գործելու հնարավորություն տալ:

Հունվարի 22-ին Fox News-ը հայտնել էր, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է հեռացնել 30 մղոն (մոտ 48 կմ) լարային ցանկապատը Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, որը տեղադրվել է Էբոթի՝ միգրանտների հոսքի դեմ պայքարի շրջանակներում: Դատարանի որոշումը սահմանապահ ծառայությանը թույլ է տալիս դատավարության ընթացքում կտրել սահմանի երկայնքով ձգվող փշալարերը:

Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Ռիո Գրանդե գետի երկայնքով՝ Մեքսիկայի հետ սահմանի (մոտ 4 կմ երկարությամբ) հատվածում։ Նահանգի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը պատշաճ կերպով չի պահպանում սահմանը, ինչը հանգեցրել է անօրինական միգրանտների ներհոսքի աճին։ Տեխասը սկսել է նրանց ավտոբուսներով ուղարկել ամերիկյան խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոն, Նյու Յորք և Չիկագո: