Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր, մեղմ ասած, անկեղծ չեն գտնվել հանրության հետ, փորձել են դիմել մանիպուլյատիվ հնարքների, խմբագրել սեփական հայտարարություններն ու քայլերը՝ այսօր կանդրադառնանք ԱԽՔ Արմեն Գրիգորյանին:
Դիցուք՝ ընդամենը ամիսներ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր' «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն' «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես' Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել:
Դրանից բառացիորեն շաբաթներ անց Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Դիցուք՝ շաբաթներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ) անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասել է Գրիգորյանը։
Մինչդեռ ուշագրավ է, որ ընդամենն ամիսներ առաջ Գրիգորյանը այլ հայտարարություններով էր հանդես գալիս: Մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել էր՝ անկլավների հարց չկա, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չկան: «Եղել են սովետական շրջանում տարբեր տարիներին տարբեր սովխոզների միջև տարածքների փոխանակում, բայց դրանք անկլավներ չեն: Ուստիև, կարծում եմ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի, քանզի անկլավների հարց ՀՀ տարածքում առկա չէ, կա Արծվաշենի անկլավի հարցը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- հավաստել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նույն ժամանակ մեկ այլ դրվագում նա հայտարարել էր, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի: «Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», - ասել էր ԱԽ քարտուղարը։ Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարության, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին Միութենական պետության մաս կազմել: Ավելին, ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում է տեղավորվում նաև թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այդ օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում տված հարցազրույցի ընթացքում սրբագրել էր իր՝ շաբաթներ առաջ արված հայտարարությունը կապված ՌԴ–ի կողմից իր դաշնակցային և պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու, մասնավորապես՝ զենք չմատակարարելու հետ: «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ նոր մեխանիզմներ եւ սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել է Ռուսաստանին։ Այնուհետև Գրիգորյանը փորձեց սրբագրել այդ հայտարարությունը՝ որպես զենք չմատակարարելու պատճառ նշելով Ուկրաինայում ընթացող պատերազմը: Ասել է թե՝ ռուսական կողմը ցանկանում է, սակայն ինքն էլ այս պահին չունի զենքի անհրաժեշտ խմբաքանակը:
Շարունակելի...